top of page

Մենք պահանջել ենք, որ հրապարակվի նաև Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019-ի կարգավորման առաջարկին, Փաշինյանը չի հրապարակել. կամ թաքցնում է, կամ պաշտոնական պատասխան չի եղել

  • Writer: Lilit
    Lilit
  • Dec 2, 2025
  • 1 min read



ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նիկոլ Փաշինյանի կողմից այսօր հրապարակված փաստաթղթերին է անդրադարձել.

«Շնորհավորում եմ մեր հանրությանը: 2021 թվականից սկսած` մեր պայքարը ղարաբաղյան հակամարտության կարգավորման 2019 թվականի հունիսի պլանի հրապարակման պահանջով վերջապես բավարարված է:

Մեր հանրության, քաղաքական ուժերի ճնշման ներքո պարտադրեցինք իշխանություններին հրապարակել կարգավորման չհրապարակված պլանները: Մենք դրեցինք Նիկոլ Փաշինյանին ծանր երկընտրանքի առաջ. չհրապարակել իրեն առաջարկած կարգավորման պլանը և կուտակել հանրության կասկածները իր հանցավոր որոշումների վերաբերյալ, կամ  հրապարակել և փորձել մինչև ընտրությունները ուղեղների լվացմամբ մարսել հրապարակման վնասները: Արդյունքում, նա ընտրեց երկրորդ ճանապարհը և մենք վերջապես ստացանք 2019 թվականի պլանի բացահայտումը («կռուտիտները», որ հրապարակումը կապված է Մինսկի Խմբի ֆորմալ լուծարման հետ, չեն աշխատում, որովհետև Արցախի հայաթափումից հետո սպառվել էր Մինսկի Խմբի առաքելությունը և նրա հովանավորությամբ բանակցային գործընթացը, հետևաբար, և խորհրդապահության անհրաժեշտությունը):

Բոլոր մեր հայտարարությունները հաստատվեցին. եթե հրապարակված փաստաթուղթը ընդունվեր, մենք կունենայինք խաղաղություն, ապաշրջափակում, դե-ֆակտո անկախ Արցախ, Քելբաջարի և Լաչինի նկատմամբ վերահսկողություն և միջազգային խաղարար ուժերի տեղակայում Արցախի ամբողջ պարագծով, գումարած՝ հինգ  վերադարձվող շրջաններում արգելք ադրբեջանական ուժերի մուտքի նկատմամբ:

Հանրության ձեռք բերած հաղթանակը, սակայն, մասնակի է: Մենք պահանջել ենք, որ հրապարակվի նաև Հայաստանի պաշտոնական պատասխանը 2019-ի կարգավորման առաջարկին, և դա անգամ ավելի կարևոր պահանջ էր: Փաշինյանն այն չի հրապարակել:

Կա երկու հնարավոր բացատրություն.

1) Փաշինյանը թաքցնում է ՀՀ պաշտոնական պատասխանը, ինչը է´լ ավելի է ծանրացնում մեր մեղադրանքը, 

2) Պաշտոնական պատասխան չի եղել, ինչն ավելի սարսափելի իրողություն է բացահայտում. որ Փաշինյանը ուղղակի անտեսել է Մինսկի խմբի առաջարկը` փաստորեն, մերժելով բանակցությունները և բացելով կործանարար պատերազմի դուռը»:

1/3150
bottom of page