Այս իշխանություններին հատուկ է կեղտոտ հագուստով փողոց դուրս գալն ու դիմացինին ասել՝ հագուստդ կեղտոտ է. քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կին
- Lilit

- 2 hours ago
- 1 min read

Ինձ ասում են՝ միշտ ժպտում ես, հանգիստ ես, չե՞ս նեղվում ընդհանրապես։ Ասեմ՝ 2018 թվականից, ինչ այս պատուհասներն իշխանության եկան, մենք գիտեինք, որ այսպիսի բան է լինելու, հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարեց քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կինը՝ Լուսինե Առաքելյանը։
Նրա խոսքով՝ երբ ամուսինը որոշել է վարել քաղաքական փոդքաստ, իրենք այդ ժամանակ արդեն իմացել են՝ իշխանություններն ամեն ինչ անելու են, որպեսզի լռեցնեն իրենց։
«Դրա նախերգանքը եղավ նախորդ կալանավորումը։ Այդ կերպ փորձում են պատժել, նեղություն տալ։ Իրենք փորձում են Նարեկին ու Վազգենին որպես խուլիգաններ ներկայացնել, փողոցային մարդիկ, ովքեր մարդկանց անհիմն վիրավորում են։ Բայց այս իշխանություններին հատուկ է կեղտոտ հագուստով փողոց դուրս գալն ու դիմացինին ասել՝ հագուստդ կեղտոտ է»։
Առաքելյանը շեշտեց՝ ի տարբերություն նախորդ կալանավորման՝ այս անգամ արգելել են տեսակցությունները, դրա համար էլ ինքը որոշել է խոսել. «Այս անգամ նաև հարձակում գործեցին AntiFake.am կայքի վրա, հարձակում գործեցին Դավիթ Ֆիդանյանի վրա, փորձեցին խմբագրությանը զրկել տեխնիկայից, մարդկանց մեջ վախ սերմանել։ Այս իշխանություններին բնորոշ գործելաոճ է, որը ինձ չի զարմացնում»։




















