Ծառուկյանի նկատմամբ կատարվողը վրեժխնդրություն է, իշխանությունը փորձում է դիմադրության օջախները ոչնչացնել. Իշխան Սաղաթելյան
- 3 days ago
- 1 min read

Բոլորին ակնհայտ է՝ սա ուղիղ վրեժխնդրություն է, քաղաքական հետապնդում, դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում նման տեսակետ հայտնեց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Իշխան Սաղաթելյանը՝ խոսելով ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի շուրջ կատարվող գործընթացներից:
Նրա խոսքով՝ իշխանությունը գողացավ ԲՀԿ ձայները, իսկ հիմա էլ նման մեթոդներով փորձում են սահմանափակել քաղաքական ուժի գործունեությունը:
Ըստ ընդդիմադիր գործչի՝ Նիկոլ Փաշինյանը այս ձևով փորձում է հաստատել մեկ անձի իշխանություն՝ գիտակցելով, որ զուրկ է լեգիտիմությունից:
«Քաղաքական ուժերին հետապնդելով՝ փորձում է ճանապարհ հարթել դիմադրության օջախները ոչնչացնելու և իր դրսի գործընկերներին տրված խոստումները իրականացնել»,-համոզմունք հայտնեց Սաղաթելյանը:
Նրա խոսքով՝ իշխանությունը չունի կարմիր գիծ, և աթոռին մնալու համար պատրաստ են ամեն ինչի: Նրա կարծիքով՝ իշխանության հեռացման համար պետք է միասնական պայքար:
Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գարիկ Աբելյանի նախագահությամ, քննում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք՝ երեկ վաղ առավոտից ԲՀԿ առաջնորդի առանձնատանը և նրան, նրա ընտանիքին պատկանող ավելի քան 70 ընկերություններում, մասնավոր տարածքներում, նրա հետ առնչվող անձանց բնակարաններում Քննչական կոմիտեն ՀՀ ԱԱԾ, ՀՀ ՊԵԿ, ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ միաժամանակյա խուզարկություններ էին իրականացնում։ Միայն ուշ երեկոյան ավարտելով քննչական գործողությունները՝ Ծառուկյանը ձերբակալվեց, իսկ ՔԿ-ն ծավալուն հաղորդագրություն տարածեց։




















