top of page

«Հայաստանում կրկին կա կին քաղբանտարկյալ՝ Արեգնազ Մանուկյանը»․ Արեգա Հովսեփյան

  • 7 hours ago
  • 1 min read

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արեգա Հովսեփյանը գրել է․


«Հայաստանում կրկին ունենք կին քաղբանտարկյալ` Արեգնազ Մանուկյան

Մենք` հայերս, նախկինում ինքնավստահ կերպով և արդարացիորեն քննադատում էինք Թուրքիայի և Ադրբեջանի իշխանություններին քաղաքական հետապնդումների, ընտրովի արդարադատության և մարդու իրավունքների խախտումների համար։ Ո՜վ իմանար, որ Հայաստանում կլինի նույն իրավիճակը:


Հայաստանը Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի, Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի և Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի մասնակից պետություն է։ Այս միջազգային պայմանագրերով երաշխավորում է յուրաքանչյուր անձի ազատությունը և անձնական անձեռնմխելիությունը, արդար դատաքննության, կարծիքի ազատ արտահայտման, խաղաղ հավաքների և միավորումների ազատության, ինչպես նաև օրենքի առջև հավասար պաշտպանության իրավունքը՝ առանց խտրականության։

Դրանք նաև պարտավորեցնում են պետությանը բացառել կամայական ազատազրկումը, քրեական հետապնդման չարաշահումը և խտրականության ցանկացած ձև, այդ թվում՝ քաղաքական համոզմունքների կամ հասարակական և քաղաքական կյանքին մասնակցության հիմքով։ Ինչին ամենօրյա ռեժիմով մենք ականատես ենք լինում Հայաստանում:


Կանանց նկատմամբ խտրականության վերացման հարցերով ՄԱԿ-ի կոմիտեն բազմիցս ընդգծել է, որ պետությունները պարտավոր են պաշտպանել կանանց քաղաքական դրդապատճառներով պայմանավորված ճնշումից, ապահովել նրանց հավասար հասանելիությունը արդարադատությանը և բացառել ցանկացած խտրականություն քրեական օրենքի կիրառման ժամանակ։

«Դեպի Եվրոպա ձգտող» Նիկոլ կեղծարարի օրոք ,սակայն, քրեական հետապնդումները օգտագործվում են որպես քաղաքական հակառակորդների վրա ճնշման գործիք, իսկ խափանման միջոցը վերածվել է պատժի ձևի՝ դեռևս դատավճռի կայացումից առաջ, ազատությունը սահմանափակվում է ոչ թե արդարադատության անհրաժեշտությամբ, այլ քաղաքական նպատակահարմարությամբ, ավելի կոնկրետ մեկ անձի քմահաճույքով:


Սա արդեն ոչ թե ներքին քաղաքականության, այլ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված մարդու հիմնարար իրավունքների պաշտպանությունյան հարց է։ Հայաստանի` միջազգայնորեն ստանձնած պարտավորությունների չիրականացման հարց է:

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին:


Ուժեղ Հայաստան լինելու է»։

1/3479
bottom of page