Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում և պատիժը կկրի. Փաշինյանը՝ ադրբեջանցի զինծառայողի մասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողի՝ Հայաստանի տարածք անցնելու և Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպքին։
Infocom-ի «Ctrl Z» հաղորդման ժամանակ Փաշինյանը նշել է, որ դեպքի հանգամանքները պետք է պարզվեն քննությամբ՝ ընդգծելով, որ սահմանային տեղանքը բարդ է։
«Ադրբեջանի կողմից էլ է անցել, մեր կողմից էլ։ Պետք է հաշվի առնել՝ տեղանքը շատ բարդ է։ Որոնողական աշխատանքներ են տարվել մի քանի օր՝ երկու կողմից դրոններով, բայց չի հայտնաբերվել, որովհետև տարածքը շատ բարդ է, և այնտեղ հեշտ է պատսպարվել։ Իհարկե, պետք է քննություն արվի՝ մանրամասն հասկանալու համար, թե ինչպես է պատահել, որ անցել է»,- ասել է վարչապետը։
Անդրադառնալով հարցին, թե ինչու Շաքիի բնակիչները նախապես չէին տեղեկացվել զինծառայողի հնարավոր ներթափանցման մասին՝ Փաշինյանն ասել է, որ այդ պահին որևէ ապացույց չի եղել, որ նա գտնվում է Հայաստանի տարածքում։
Վարչապետի խոսքով՝ ադրբեջանական կողմը նախապես տեղեկացրել էր հայկական կողմին զինծառայողի անհետացման մասին, և որոնողական աշխատանքների ընթացքում Հայաստանի ու Ադրբեջանի համապատասխան ծառայություններն ամեն օր կապի մեջ են եղել։
«Չկար փաստ, որ զինվորն անցել է Հայաստանի տարածք և կարող է հասնել բնակավայր»,- նշել է նա՝ հավելելով, որ առանց հաստատված տեղեկության բնակչությանը զգուշացնելը կարող էր երկարատև խուճապ առաջացնել։
Փաշինյանը հայտնել է նաև, որ Հայաստանի սահմանի երկայնքով տեղադրված են մեծ թվով տեսադիտարկման համակարգեր, սակայն եղանակային բարդ պայմաններում դրանց աշխատանքը կարող է սահմանափակվել։
«Հիմա քննություն է գնում այդ թեմայով, կպարզվի։ Նախնական տվյալներով՝ թանձր մառախուղ է եղել, և փաստ չէ՝ այդ ադրբեջանցի զինվորն ուզել է անցնել Հայաստան, թե մոլորվել ու անցել է Հայաստան»,- ասել է նա։
Վարչապետի խոսքով՝ զինծառայողը դասալիք է, և նրա նկատմամբ Ադրբեջանում ևս քրեական գործ է հարուցվել։ Միաժամանակ, Հայաստանի քրեական գործով նախատեսված ընթացակարգերը կիրականացվեն ՀՀ-ում։
«Առնվազն ինչ-որ ժամանակ կմնա Հայաստանում և պատիժը կկրի»,- հայտարարել է Փաշինյանը։
Նա անդրադարձել է նաև ադրբեջանցի զինծառայողին Բաքվում պահվող հայերի հետ հնարավոր փոխանակման հարցին։ Փաշինյանի խոսքով՝ կողմերի միջև կա պայմանավորվածություն սահմանը հատած զինծառայողների դեպքերն այլ հարցերից առանձին դիտարկելու վերաբերյալ։
Վարչապետը նշել է, որ նախկինում եղել են դեպքեր, երբ սահմանն անցած և հանցագործություն չկատարած զինծառայողները վերադարձվել են՝ առանց այլ նախապայմանների։
Փաշինյանը նաև «բացարձակ անհեթեթություն» է անվանել շրջանառվող պնդումները, թե տեղի ունեցածը դիվերսիոն գործողություն է եղել, և Հայաստանի տարածք մի քանի ադրբեջանցի զինծառայող է անցել։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 29-ին Ադրբեջանի Պետական անվտանգության ծառայությունը ՀՀ ԱԱԾ-ին տեղեկացրել էր, որ ադրբեջանական զորամասերից մեկի զինծառայողը լքել է ծառայության վայրը, և չէր բացառվում, որ նա ապօրինի հատած լինի Հայաստանի պետական սահմանը։
Հոկտեմբերի 1-ին Սյունիքի մարզի Շաքի բնակավայրում գրանցվել էր ՀՀ քաղաքացու ոտքին կրակելու դեպք։ ԱԱԾ-ի հաղորդմամբ՝ պարզվել էր, որ կրակոցն արձակել է ադրբեջանցի զինծառայողը, որը հետագայում կալանավորվել է։




















