top of page

Տների գները բարձրանում են․ Թորոսյանը՝ արցախցիների բնակապահովման մասին

7 hours ago
2 min read


Մեր ունեցած կարգավիճակը այն կարգավիճակը չէ, որ ես որ կարողանամ միջազգային հարթակում ապացուցել, որ այդ դարերով փոխանցված ունեցվածքի ժառանգի տերը ես եմ. ինչի՞ց ենք մենք տեղահանվել։ Մենք չենք տեղահանվել երկրաշարժից, չենք տեղահանվել ջրհեղեղից, մենք տեղահանվել ենք բռնի ուժի կիրառումով։ Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 13–ին, ԱԺ–ում ՔՊ–ի նախաձեռնությամբ Ղարաբաղից տեղահանված անձանց խնդիրների վերաբերյալ աշխատանքային քննարկման ժամանակ նշել է «Վերածնվող Արցախ» հասարակական կազմակերպության նախագահ Անաստաս Իսրայելյանը։


«Մարդիկ պետք է հստակ կարգավիճակ ունենան։ Սա հազարավոր արցախցիների առաջնային խնդիրներից մեկն է, Արցախում մարդկանց ունեցվածքի ճակատագիրը բխում է հենց այդ իրավունքի կոնկրետ անուն ամրագրելուց։ Ինչի հիման վրա ենք մենք տեղահանվել, բռնի ուժի կիրառումով, ցեղասպանության պարագայում»,– ասել է նա։


ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանն արձագանքել է. «Մեր կառավարության քաղաքականությունը միտված է մի հիմնական խնդրի լուծման, որ մեր հայրենակիցները, որոնք տեղահանվել են Ղարաբաղից, իրենց տունը վերջնական գտնեն Հայաստանի Հանրապետությունում, տեղավորվեն, տնավորվեն և ինչ-որ մի օր, ցանկալի է հնարավորինս շուտ, ոչնչով չտարբերվեն, այստեղ ժամանակին ապրած, ապրող, արարող մեր հայրենակիցներից՝ լինելով ՀՀ քաղաքացի։


Իհարկե, դա չի նշանակում, որ մեր հայրենակիցները չեն կարող իրենց իրավունքները այլ կերպ իրացնել, այլ իրավունքներ, միջազգային կոնվենցիաներով և այլն, բայց մենք դրանում մասնակցություն չենք ունենալու։ Դա մենք անկեղծ և ուղիղ ասել ենք մեր հայրենակիցներին։


Ինչ վերաբերում է ինտեգրացիոն պրոցեսներին, այո եկեք քննարկենք ոնց դրանք ավելի արագացնենք, մենք պատրաստ ենք դրան և ամեն ինչ անում ենք այդ ուղղությամբ՝ բնակապահովման ծրագրից սկսած, մյուս ծրագրերով վերջացրած»։ 


Արսեն Թորոսյանի խոսքով, թվերը ցույց են տալիս, որ ԼՂ–ից տեղահանվածները ստանում են քաղաքացիություն. 


«Այստեղ ուրիշ հարց է ծագում, իսկ արդյոք բոլո՞րն են ուզում ստանալ քաղաքացիություն։ Հաճախ մեր հայրենակիցները չեն ուզում քաղաքացիություն ստանալ տարբեր պատճառներով, սկսած, որ ինչ-որ ինֆորմացիաների ազդեցության տակ կարծում եմ, որ դա չստանալը օգտակար է, ստանալը ավելի ոչ օգտակար։ Մենք ասում ենք այդպիսի բան չկա։


Բնակապահովման ծրագրերից օգտվողների թվերն աճում են, հիմա արդեն օգտվող ընտանիքների թիվը 4991 է։ Այսինքն ամեն օր տասնյակ քաղաքացիներ ձեռք են բերում բնակարան, ստանում են սերտիֆիկատ, որպեսզի ձեռք բերեն բնակավայր։ Ընտանիքի միջին թիվը մոտ հինգ հոգի է, այսինքն այս թիվը կարող ենք բազմապատկել հինգով»։


Նախարարը նկատել է, որ անշարժ գույքի գները բարձրանում են նաև այս ծրագրի պատճառով, քանի որ պահանջարկն աճում է. «Գիտե՞ք՝ ինչի համար են գները բարձրանում, որովհետև այս ծրագիրն ենք անում։ Այս ծրագիրը գին է բարձրացնում։


Ավելին ասեմ, երևանամերձ համայնքներում հիմա երկրորդային շուկայում համարյա վաճառքի բնակարան չկա։ Ոչ միայն գնի պրոբլեմ կա, այլ բնակարանի հասանելիության պրոբլեմ կա, դրա համար պետք է գնալ մի քիչ ավելի Երևանից հեռու։


Շատ քաղաքացիներ, եթե տեսնում են, որ չի հերիքում 4 միլիոն դրամը, բայց ուզում են առնեն այնպիսի բնակավայրում, որտեղ 4 միլիոն դրամ է, իրենք իրենց կողմից հավելյալ վարկ են ձևակերպում, որովհետև ունեն աշխատանք, կարծում են, որ կարող են դրա տակից դուրս գալ։ Մյուսը չի կարողանում, ասում է՝ լավ գնամ մի քիչ ավելի հեռու տեղ առնեմ այդ տունը, այնտեղ էլ կկարողանամ աշխատանք գտնել։ Մեկ ուրիշն էլ ասում է՝ չէ ես փոքրաթիվ ընտանիք եմ, չեմ ուզում այս ծրագրից օգտվեմ։ Մենք փոքրաթիվ ընտանիքների համար մեկ ուրիշ ծրագիր ենք սկսել, որը ցավոք սրտի դեռ հետաքրքրություն կարծես թե չի առաջացրել։


Դա հիմնականում տարեց մեր քաղաքացիները և հաշմանդամություն ունեցող քաղաքացիներին ուղղված ծրագիր է»,- ասել է ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը։

1/3668
bottom of page