Դատարանը մեղավոր է ճանաչել «Նիկոլ հողատու, …-ի տղա» գրությամբ պաստառը պարզած տավուշցուն և վճռել ոչնչացնել նրա մարկերը

Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (Իջևանի նստավայր)՝ նախագահությամբ դատավոր Սասուն Մխիթարյանի, սեպտեմբերի 14-ին վճռել է մեղավոր ճանաչել «Նիկոլ հողատու … տղա» արտահայտությամբ պաստառով Նավուր-Բերդ ավտոճանապարհին նստելով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդուն: Այս մասին տեղեկացանք ուսումնասիրելով Մայիլյանի վերաբերյալ քննված քրեական վարույթի նյութերը:
Մեր տեղեկություններով՝ խոսքը Տավուշի մարզի Նավուր գյուղի բնակիչ, 50-ամյա Արամ Մայիլյանի մասին է, ում ճանապարհին հայտնաբերել և իրավապահներին են հանձնել տարածքում ծառայություն իրականացնող պարեկները:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Արամ Մայիլյանը, հասարակության նկատմամբ անհարգալից, իրավական և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելով, 2026 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իր մոտ առկա ստվարաթղթի վրա գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված, վիրավորանք և հայհոյանք պարունակող՝ «Նիկոլ հողատու բո...ի տղա» արտահայտությունը, որից հետո գնացել է Տավուշի մարզի Նավուր-Բերդ ավտոճանապարհահատված և, իր ձեռքում պարզելով վերը նշված գրառմամբ պաստառը, նստել է ճանապարհի երթևեկելի գոտում՝ այդ կերպ խոչընդոտելով այդ հատվածով անցնող ավտոմեքենաների ազատ երթևեկությանը, ինչպես նաև, անտեսելով տվյալ պահին փողոցի այդ հատվածով անցնող ավտոմեքենաների կամ անձանց ներկա գտնվելու հանգամանքը, ի ցույց է դրել հայհոյանքներ պարունակող հիշյալ պաստառը՝ այդպիսով հայհոյանքներով, անպարկեշտ արտահայտություններով և համակեցության կանոնների ցուցադրաբար անտեսմամբ խախտելով մարդկանց անդորրը:
Դեպքից մեկ ժամ անց Մայիլյանը ձերբակալվել է: Օգոստոսի 15-ին նրան մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն): Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, իսկ ստվարաթղթից պաստառը և «Permanent Marker» անվանումով մարկերը ճանաչվել են իրեղեն ապացույց:
Օգոստոսի 17-ին մեղադրյալը դիմում է ներկայացրել վարույթն իրականացնող մարմնին՝ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ կիրառելու մասին, ինչպես նաև խնդրել է թույլատրել տուգանքը վճարել 12 ամսվա ընթացքում, ինչին դատախազը տվել է գրավոր համաձայնություն:
Իսկ արդեն 2026 թվականի սեպտեմբերի 14-ին դատարանը վճռել է Արամ Մայիլյանին մեղավոր ճանաչել ՔՕ 297-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարքում և որպես պատիժ նշանակել տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հնգապատիկի՝ 375.000 ՀՀ դրամ գումարի չափով:
Հաշվի առնելով, որ մեղադրյալը 2026 թվականի օգոստոսի 13-ից մինչև օգոստոսի 16-ը գտնվել է փաստացի անազատության մեջ (եղել է ձերբակալված)՝ դատարանը վճռել է նրա նկատմամբ նշանակված տուգանքի ձևով պատիժը մեղմացնել 75.000 ՀՀ դրամի չափով և վերջնական պատիժ նշանակել տուգանք՝ 300.000 ՀՀ դրամ, ու տուգանքի վճարման ժամկետ սահմանել 1 տարի:
Դատարանը նաև վճռել է դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո գործով իրեղեն ապացույց ճանաչված և քրեական գործի հետ պահվող պաստառը և «Permanent Marker» անվանումով մարկերը ոչնչացնել:




















