Հոգեկան խանգարումներ ունեցող դեռահասներն ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում. NHB
- Lilit
- 1 day ago
- 1 min read
Քեմբրիջի համալսարանի գիտնականները պարզել են, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող երիտասարդներն ավելի շատ ժամանակ են անցկացնում սոցիալական ցանցերում և այլ զգացողություններ ունեն դրանց նկատմամբ, քան նրանք, ովքեր նման խնդիրներ չունեն։ Դա հատկապես վերաբերում է այն դեռահասներին, որոնք ունեն «ներքին» խանգարումներ, մասնավորապես՝ տագնապ և դեպրեսիա:
Նման դեռահասներն ավելի հակված են իրենց համեմատելու ուրիշների հետ, լայքերի և մեկնաբանությունների պատճառով տրամադրության փոփոխությունների, ինչպես նաև բողոքում են առցանց անցկացրած ժամանակի վերաբերյալ ինքնատիրապետման պակասից։ Գիտնականների կարծիքով՝ նման սոցիալական համեմատությունները կարող են ուժեղացնել անապահովության և մերժվածության զգացողությունները, հատկապես նրանց շրջանում, ովքեր արդեն տառապում են հոգեկան խնդիրներից։
Աշխատանքը հրապարակվել է Nature Human Behaviour (NHB) հանդեսում։
Հետազոտությունը հիմնված է 11-19 տարեկան 3340 դեռահասների շրջանում անցկացված հարցման տվյալների վրա: Այն առաջիններից մեկն էր, որն օգտագործեց կլինիկական հոգեկան առողջության գնահատումներ՝ սոցիալական ցանցերում վարքագիծն ուսումնասիրելու համար: Պարզվել է, որ հոգեկան խանգարումներ ունեցող դեռահասներն օրական միջինում 50 րոպե ավելի շատ են անցկացնում սոցիալական ցանցերում, քան նրանք, ովքեր նման խանգարումներ չունեն։
«Այս հետազոտությունը պատճառահետևանքային կապ չի հաստատում, սակայն այն ցույց է տալիս, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող դեռահասները տարբեր կերպ են օգտագործում սոցիալական ցանցերը»,-նշել է հետազոտության առաջատար հեղինակ Լուիզ Ֆասին։
Գիտնականները ենթադրում են, որ հոգեկան խանգարումները կարող են համացանցում փոխել դեռահասների վարքագիծը, և, հնարավոր է, սոցիալական ցանցերն իրենք էլ կարող են նպաստել նրանց վիճակի վատթարացմանը։