top of page

Թվայինի փոխարեն՝ թղթային. ինչպես ՊԵԿ-ը միլիարդավոր դրամներով կասկածելի գնմամբ դրոշմապիտակներ գնեց

  • 3 hours ago
  • 2 min read


2025-ի հունվարի 1-ից Հայաստանում պետք է ներդրվեր QR-երով դրոշմավորման նոր համակարգ՝ ԵԱՏՄ կանոնների համաձայն։ ՊԵԿ-ը 2024-ի դեկտեմբերին շրջանառության մեջ էր դրել այդ մասին նախագիծը, շաբաթներ անց այն հետ կանչել՝ բարելավումների, համակարգի կայացման հիմնավորմամբ։ Այս մասին գրում է «Ազատությունը»։

Որոշման հետկանչին հետևել է միլիարդավոր դրամներով նորից թղթային դրոշմապիտակների ձեռքբերումը, թեպետ թվային համակարգը շահագործող «Ի-մարկ» ընկերությունը պնդում է, որ ներդրված համակարգն այդ ժամանակ լիովին աշխատում էր ու պատրաստ էր այլ ապրանքախմբեր ևս ներառել թվային դրոշմավորման համակարգում։ Բացի այն, որ ՊԵԿ-ի այս գործողությունները կարող են կասկած հարուցել նորից թղթային դրոշմապիտակներ գնելու շահագրգռվածության հարցում, զուգահեռ տարօրինակ զարգացումներ են եղել թղթային դրոշմապիտակները ձեռք բերելիս. պարզվում է՝ «Էյ էմ-փի ջի գրուպ» ընկերությունը թղթային դրոշմապիտակները մատակարարել է ՊԵԿ-ին, մինչ Կոմիտեի կողմից կհայտարարվեր գնման մրցույթ, և կընտրվեր դրա հաղթողը։ Ավելի ուշ հայտարարված ու անցկացված մրցույթում ընկերությունը մրցակից չի ունեցել։

Ինչո՞ւ է QR-երով դրոշմավորումը համարվում կարևոր

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը 2018-ի փետրվարին ընդունել է ԵՏՄ-ում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման համաձայնագիրը՝ ամբողջ ԵՏՄ գոտում մեկ միասնական դրոշմավորման համակարգ ներդնելու համար։ Ըստ կառավարության՝ նոր համակարգը թույլ է տալիս վերահսկել յուրաքանչյուր միավոր ապրանքի շարժը՝ շրջանառության մեջ մտնելուց մինչև սպառում, և այդ տեղեկատվությունն ամբողջապես փոխանցում պետական մարմին։ Դա հնարավորություն է ստեղծում լիարժեք պայքարել ստվերի և կեղծ ապրանքների շրջանառության դեմ։ Մյուս կողմից կառավարությունն այս համակարգով հնարավորություն է ստանում տեսնել արտադրողների, ներմուծողների, արտահանողների, վաճառողների տնտեսական վարքագիծն ու փոփոխությունները։

Հայաստանում դրոշմավորման նոր համակարգը նախ սկսեց կիրառվել պիլոտային եղանակով՝ ներառելով հյութերը, ըմպելիքները, գարեջուրը, միսը, ձկնեղենը, թեյը, սուրճը, կաթնամթերքը, օծանելիքները, կոսմետիկան և այլն։ Հետագայում դրոշմավորման նոր համակարգի մաս դարձան ալկոհոլը, ծխախոտն ու ջուրը։

ՊԵԿ-ը ներկայացնում, ապա հետ է կանչում, հետո նորից բերում նախագիծը

2025-ի հունվարի 1-ից Պետեկամուտների կոմիտեն պլանավորում էր բոլոր ապրանքախմբերը ներառել թվային դրոշմապիտակների համակարգում և այդ նպատակով նախագիծ էր շրջանառել։ Նախագիծը քննարկվել է մինչև 2024-ի դեկտեմբերի 24-ը, սակայն չի դարձել կառավարության որոշում․ ՊԵԿ-ը հետ է կանչել իր իսկ առաջարկը՝ լրամշակման համար։ «Հետք»-ին տված հարցազրույցում ՊԵԿ նախագահը բացատրել էր. «Մենք սկսեցինք ուսումնասիրել դա (համակարգը)։ Այդ ժամանակ նախնական որոշումներ կային կայացված, որ ենթաակցիզային բոլոր ապրանքները պետք է անցնեն նոր համակարգին։ Ուսումնասիրությունները բացահայտեցին, որ դեռ այդքան էլ պատրաստ չենք, ու համակարգը կարիք ունի կայացման»։

ՊԵԿ-ը նույն հիմնավորումն է ներկայացրել նաև «Ազատությանը»՝ չպարզաբանելով՝ հետ կանչված նախագծի և հետագայում ընդունված որոշման մեջ ինչ սկզբունքային փոփոխություններ են եղել։ Այնուհանդերձ, այս փաստաթղթերի ուսումնասիրությունից երևում է, որ ամենաէական փոփոխությունը վերաբերում է ժամկետներին․ ըստ այդմ, որոշ ապրանքներ նոր համակարգին պետք է միանան ավելի ուշ, այդ թվում՝ 2026-ից։

Թվային դրոշմավորման ազգային օպերատոր «Ի-մարկ» ընկերությունը, որ մշակել ու կառավարում է նոր համակարգը, պատասխանելով «Ազատության» գրավոր հարցերին տեղեկացրել է, որ համակարգն անցել է պիլոտային փուլը, լիարժեք գործել է և պատրաստ է նոր ապրանքախմբերի դրոշմավորմանը։

«Պիլոտային ծրագրերն իրականացվել են բարձր արդյունավետությամբ, մինչև 2024-ի դեկտեմբերը «Ի-մարկ» ընկերությունը հավաքագրել ու իրականացրել է բոլոր անհրաժեշտ ծրագրային փոփոխությունները՝ համակարգի լավարկման նպատակով։ Համակարգի անպատրաստ լինելու մասին իրենց հայտնի չէ որևէ արձանագրություն»,- հայտնել են ընկերությունից ու նշել, որ անցած տարվա փետրվարին կառավարության որոշմամբ համակարգին միացած նոր ապրանքախմբերը «ներդրվել են նույն ծրագրային ապահովմամբ»։



Այս իրավիճակում, երբ ՊԵԿ-ը 2024-ի դեկտեմբերի վերջին հետ է կանչել թվային դրոշմավորման, ապրանքախմբերի ընդլայնման նախագիծը, անհրաժեշտություն է առաջացել մի շարք ապրանքների դրոշմավորումը կատարել մինչ այդ գործող՝ թղթային դրոշմապիտակների տարբերակով։ Այդ նպատակով ՊԵԿ-ը էլեկտրոնային աճուրդ է հայտարարել՝ թղթային դրոշմապիտակների տպագրման ու ձեռքբերման համար։ Աճուրդը հայտարարվել է 2025-ի փետրվարի 12-ին, դրա միակ մասնակից ու հաղթող է դարձել «Էյ էմ փի ջի գրուպ» ընկերությունը՝ դրոշմապիտակների մատակարարման հարցում ՊԵԿ-ի վաղեմի գործընկերը։

1/3163
bottom of page