top of page

Իշխանության քմահաճույքները կատարելու «կամավորականները». «Փաստ»

  • Writer: Lilit
    Lilit
  • 3 hours ago
  • 2 min read

ree

Մեր նախկին հրապարակումներից մեկում նշել էինք, որ իր «քաոսային կառավարումն» առաջ տանելու համար Փաշինյանին պետք են մատնիչներ, «գործ տվողներ», պառակտիչներ, խառնակիչներ, երկերեսանի անձինք: Նա գտնում է, իհարկե, այդպիսիններին և օգտագործում՝ իր նպատակներին հասնելու համար:

Պե՞տք է Հայ առաքելական եկեղեցու դեմ իր անընկալելի և մերժելի հարձակումը մի փոքր այլ կերպ փաթեթավորել, գտնում է կարգալույծ արված նախկին քահանաների: Կամ 1-2 ներկա հոգևորականների (բարեբախտաբար, ոչ ավելի): Պե՞տք է որևէ հակաիշխանական գործչի նկատմամբ հալածանքներ իրականացնել, հայտնվում են իշխանության գրպանում տաքուկ տեղավորված ինչոր «իրավապաշտպաններ»: Գումարած սատելիտ մի քանի «կուսակցություններն» ու անհատները, որոնք պիոներական հայտնի ոգով «միշտ պատրաստ» են:

Օրինակ՝ վերցնենք Ամենայն Հայոց կաթողիկոսի եղբոր՝ 68-ամյա Գևորգ Ներսիսյանի և նրա որդու՝ Համբարձում Ներսիսյանի դեմ փաշինյանական իշխանության՝ «գործ սարքելու» վերջին դրսևորումը: Իրականում բոլորն էլ հրաշալի հասկանում են, որ Վեհափառի եղբայրն ու եղբորորդին իշխանության կողմից հալածանքների են ենթարկվում բացառապես այն պատճառով, որ Կաթողիկոսի... եղբայրն ու եղբորորդին են: Ու հետապնդած նպատակին հասնելու համար Փաշինյանն, իհարկե, չի խնայում իր մերձակայքում հայտնված ոչ մեկին, չնայած որոշ դեպքերում նա գուցե ջանք գործադրելու կարիք էլ չունենա. «կամավորականներ» միշտ էլ լինում են: Այս անգամ ևս այդ դերը ստանձնել էր սատելիտ կուսակցություններից մեկը՝ Արամ Զ. Սարգսյանի գլխավորած «Հանրապետությունը»: Հենց վերջինիս ներկայացուցիչ ու Վաղարշապատի համայնքապետի պաշտոնին հավակնող Հարություն Մկրտչյանն էր բողոքել, թե՝ Գևորգ և Համբարձում Ներսիսյաններն իբր խոչընդոտել են իր նախընտրական հավաքը:

Իհարկե, փաստաբան Զոհրաբյանը հրապարակեց տեսանյութ, որտեղ առավել քան ակնհայտ արձանագրված է, որ ոչ մի նման բան չկա: Ստացվում է, որ մարդկանց պարզապես զրպարտել են: Բայց Փաշինյանին ընդամենը պատրվակ էր պետք՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ու Հայ առաքելական եկեղեցու դեմ հերթական ցածր դրսևորումն ունենալու համար, ու «պատրվակն» ապահովվեց:

Բայց սրանք ընդամենը մի քանի օրինակներ են: Ցավոք, այդպիսի օրինակները քիչ չեն: Իհարկե, շատ բան է չասված մնում, բայց մեկ բան կարելի է հստակ ասել. ցանկացած իշխանություն, ի վերջո, ավարտվում է... Սա պիտի հստակ հասկանան նաև «կամավորականները»: Չնայած գուցե շատ լավ էլ հասկանում են...

bottom of page