top of page

Հնդկաստանն աշխատում է կապիկի ծաղկի դեմ պատվաստանյութ ստեղծելու ուղղությամբ

  • Aug 23, 2024
  • 1 min read

Պատվաստանյութերի հնդկական Serum Institute of India (SII) ընկերությունը մշակում է mpox վիրուսի (կապիկի ծաղկի նոր անվանումը) դեմ պատվաստանյութ, որը, հավանաբար, կստեղծվի տարեվերջին։ Այս մասին տեղեկացրել է The Economic Times թերթը։

«Նկատի ունենալով առողջապահության ոլորտում տիրող իրավիճակը՝ կապված mpox-ի բռնկման հետ, մենք աշխատում ենք այդ հիվանդության դեմ պատվաստանյութի ստեղծման ուղղությամբ։ Հուսով ենք, որ դրական արդյունք կստանանք այս տարեվերջին»,- պարբերականը մեջբերել է ընկերության տնօրեն Ադար Փունավալին։

Թերթի տվյալներով՝ Վիրուսաբանության ազգային ինստիտուտը Պունա քաղաքում դարձել է Հնդկաստանի առաջատար բուժհաստատությունը, որտեղ կատարվում են mpox հետազոտություններ 2022 թվականից, երբ Հնդկաստանում գրանցվեց հիվանդության 30 դեպք, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։

Այս շաբաթ ավելի վաղ Հնդկաստանի կառավարությունը կարգադրել էր բարձրացնել զգոնությունը երկրի սահմաններին։ Օդանավակայաններում, նավահանգիստներում եւ Բանգլադեշի ու Պակիստանի հետ սահմանին ուժեղացվել է երկիր եկող օտարերկրացիների ստուգումը՝ հիվանդության հետ կապված։

Առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ կապիկի ծաղկի տարածվածության մասին 2022թ. հուլիսի հայտարարությունից հետո Հնդկաստանում mpox վարակման վերջին դեպքը հայտնաբերվել է 2024թ. մարտին։ Ինչպես տեղեկացրել է վարչապետ Նարենդրա Մոդիի աշխատակազմը, այժմ երկրում այդ հիվանությունն ունեցող մարդիկ չկան։

Կապիկի ծաղիկը հազվադեպ վիրուսային հիվանդություն է, որի ախտանշաններն են տենդը, թունավորումը, ավշային հանգույցների մեծացումը եւ բշտերի նմանվող ցանը, որոնց բացման դեպքում խոցեր են առաջանում։ Վարակիչ հիվանդությունն ընթանում է երկուսից չորս շաբաթ՝ ինքնուրույն ապաքինմամբ, սակայն լինում են ծանր դեպքեր՝ մահացու ելքով։

1/3479
bottom of page