top of page

Շյոգրենի համախտանիշ. ինչ հետազոտություններ են անհրաժեշտ

  • Dec 24, 2024
  • 1 min read



Շյոգրենի համախտանիշը իմունային համակարգի հիվանդություն է, որը հիմնականում ախտահարում է աչքերն ու թքագեղձերը, սակայն կարող է ունենալ այլ դրսևորումներ ևս:

Այս հիվանդության պատճառն անհայտ է: Այն ավելի տարածված է կանանց, 40-ն անց մարդկանց և այն անձանց շրջանում, ովքեր ունեն ռևմատիկ հիվանդություններ, օրինակ՝ ռևմատոիդ արթրիտ կամ համակարգային կարմիր գայլախտ:

Շյոգրենի համախտանիշով մարդկանց մեծ մասը կարող է ապրել նորմալ առօրյայով՝ առանց որևէ լուրջ բարդությունների, հատկապես, եթե հետևում է բժշկի խորհուրդներին:

Հիվանդության առաջացման գործում կարող են դեր խաղալ վիրուսային վարակը և ժառանգական նախատրամադրվածությունը:

Շյոգրենի համախտանիշով մարդիկ կարող են ունենալ հետևյալ գանգատներն ու ախտանիշները.

Աչքերի չորություն, որը կարող է ուղեկցվել աչքերի գրգռվածությամբ, աչքերում օտար մարմնի (օրինակ՝ փոշու) առկայության զգացողությամբ, երբեմն նաև՝ աչքերի այրոցանման ցավով:

Բերանի չորություն, որը դժվարացնում է կուլ տալը, խոսելը կամ չոր սննդամթերք ընդունելը:

Այտուցներ, սովորաբար՝ դեմքի և պարանոցի գեղձերի շրջանում:

Աչքերի և բերանի խոռոչի չորությունը կարող է բարձրացնել աչքի վարակների և ատամների հետ կապված խնդիրների ռիսկը (օրինակ՝ ատամների հարաճող կարիես):

Շյոգրենի համախտանիշով որոշ մարդկանց մոտ կարող են ի հայտ գալ նաև՝

հոդացավ, հոդերի այտուց և շարժումների կարկամվածություն,

մաշկի չորություն,

հեշտոցի չորություն,

կայուն չոր հազ,

ձգձգվող հոգնածություն:

Սակավաթիվ մարդկանց մոտ կարող է նաև զարգանալ լյարդի և երիկամների ախտահարում կամ լիմֆոմա (ավշային գեղձերի քաղցկեղ):

Ախտանիշներից բացի, ախտորոշմանն օգնում են տարբեր հետազոտություններ: Շիրմերի թեստը ստուգում է աչքերից բավարար քանակությամբ արցունքի արտադրությունը: Պատկերային հետազոտությունների նպատակն է ստուգել թքագեղձերի գործունեությունը:

Հիվանդությունը որևէ վերջնական բուժում չունի, սակայն կան գանգատները մեղմացնող և բարդությունների դեմ ուղղված միջոցներ:

Որոշ դեպքերում բժիշկը կարող է առաջարկել վիրահատություն, օրինակ՝ աչքերի արցունքակալումը վերացնելու համար:

Կարևոր է բժշկին պարբերաբար այցելել՝ գնահատելու հիվանդության ախտանիշների կառավարման արդյունավետությունը:

 
 
1/3479
bottom of page