Ադրբեջանն ու Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն միմյանց․ արդեն պաշտոնապես
- Lilit

- 3 hours ago
- 1 min read

Ադրբեջանը և Թուրքիան փոխադարձ ռազմական օգնություն կցուցաբերեն։ Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է «Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Թուրքիայի Հանրապետության ազգային պաշտպանության նախարարության միջև ռազմական անվտանգության փոխադարձ ամրապնդման մասին հուշագրի վավերացման մասին» օրենքի նախագիծը։
Ինչպես հայտնում է APA-ն, պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի կոմիտեի նախագահ Արզու Նագիևը հայտարարել է, որ փաստաթուղթը ծառայում է «Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմավարական գործընկերությանը, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ոլորտում համագործակցության խորացմանը, որն ամրագրված է Շուշիի հռչակագրով»։
Փաստաթղթի համաձայն՝ «մասնակից կողմերը պարտավորվում են միմյանց փոխադարձ օգնություն ցուցաբերել նրանցից մեկի դեմ զինված ագրեսիայի դեպքում՝ անհատական և հավաքական ինքնապաշտպանության իրավունքի իրացման համար, որը ճանաչված է ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով»։ Կողմերը միմյանց ռազմական օգնություն են ցուցաբերում նրանցից մեկի հարցման հիման վրա և իրենց ազգային օրենսդրությամբ սահմանված ընթացակարգերին համապատասխան։ Հուշագիրն ընդգրկում է միայն ռազմական համագործակցության և ռազմական անվտանգության հարցերը և այդ շրջանակներում նախատեսում է բացառապես փոխադարձ օգնություն պաշտպանական ոլորտում, ուսուցում, մատակարարում և կողմերի համատեղ օպերատիվ կարողությունների բարձրացում։ Կողմերն ամրապնդում են ռազմական ոլորտում տեղեկատվության փոխանակումը և ռազմական հետախուզության բնագավառում համագործակցությունը, նրանք կարող են միմյանց հետ կիսվել ռազմական անվտանգության վերաբերյալ ստացված տեղեկություններով (գաղտնի, հույժ գաղտնի, հատուկ կարևորության) և օգտագործել այդ տվյալները համատեղ գործողությունների ժամանակ։
Հիշեցնենք, որ Թուրքիան ակտիվորեն օգնել է Ադրբեջանին՝ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի դեմ 44-օրյա պատերազմում՝ մատակարարելով զենք, տեղեկատվություն և Մերձավոր Արևելքից եկած վարձկաններ։




















