top of page

Հայաստանի և Թուրքիայի կողմից համատեղ արտադրվող առաջին ֆիլմը՝ «Կաննի» կինոփառատոնին

  • Writer: Lilit
    Lilit
  • May 19
  • 2 min read


Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ-լրագրող Արա Գյուլերին նվիրված կինեմատոգրաֆիական հարգանքի տուրք «Բարև» կենսագրական խաղարկային լիամետրաժը կդառնա Հայաստանի և Թուրքիայի կողմից համատեղ արտադրվող առաջին ֆիլմը։

Կաննի կինոշուկայում «Գագիկ Ծառուկյան» հիմնադրամի աջակցությամբ գործող Ֆիլմարտադրողների Համահայկական Ֆեդերացիայի տաղավարը հայտնվել է համաշխարհային կինոինդուստրիայի իրադարձությունները լուսաբանող պարբերականների ուշադրության կենտրոնում։   

Մայիսի 16ին, Լոս Անջելեսում լույս տեսնող Variety-ն հոդված է հրապարակել պրոդյուսերներ Անի Գալստյանի և Էլա Ալամաչի կողմից՝ Ֆիլմարտադրողների Համահայկական ֆեդերացիայի տաղավարում ստորագրված հայկական արմատներով լեգենդար լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքը նկարագրող «Բարև» վերնագրով կենսագրական ֆիլմի համատեղ արտադրության պայմանագրի մասին։ 

«20-րդ դարի պատկերների լեզվով պատմություններ պատմող հայ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքը էկրան է բարձրացվում «Բարև» վերնագրով ֆիլմով»՝ գրում է Variety-ն, որ նախկինում երբեք չէր անդրադարձել Հայաստանի ներկայությանը Կաննում։ «Թուրքիայի և Հայաստանի կինեմատոգրֆիստների կողմից ստեղծվող խաղարկային լիամետրաժ առաջին ֆիլմով նշանավորված պատմական այս իրադարձությունը իրենից ներկայացնում է մշակութային համագործակցության և փոխըմբռնման փորձի համարձակ ու աննախադեպ մի ակտ»՝ նշված է Նիք Վիվարելլիի «Բացառիկ» խորագրի ներքո լույս տեսած հոդվածում։

«Բարև» ֆիլմը ներկայացված է Կաննի 78-րդ կինոփառատոնի կինոշուկայի բաժնում։ Ֆիլմը կարտադրվի թուրքական «Կարա Կեդի ֆիլմ», «Լույս Մեդիա» ընկերությունների և հայկական «Էնսո Ֆիլմզ» կինոընկերության կողմից ու կարող է խորդանշել կինեմատոգրաֆիական համագործակցության նոր դարաշրջան։

Ֆիլմի սցենարը ռեժիսորներ Էլա Ալյամաչի և Արեն Պերդեցու հեղինակմամբ մշակվել է Արա Գյուլերի կենդանության օրոք՝ նրա անձնական խնդրանքով և մասնակցությամբ: Արխիվային լայնածավալ հետազոտություններ և մշակումներ են իրականացվել Արա Գյուլերի արխիվային և հետազոտական կենտրոնում՝ «Դողուշ» խմբի հովանու ներքո:

Արա Գյուլերը, որին հաճախ անվանում են «Թուրքական Կարտիե-Բրեսոն», լուսանկարել է այնպիսի կուռքերի, ինչպիսիք են Սալվադոր Դալին, Ուինսթոն Չերչիլը, Ինդիրա Գանդին և համաշխարհային ճանաչում է ձեռք բերել Ստամբուլի ու Անատոլիայի իր հուզիչ դիմանկարների շնորհիվ: Տպավորիչ կարիերայի ընթացքում նա արժանացել է բազմաթիվ միջազգային պարգևների, որոնց թվում՝ «Master of Leica», «the Legion d’Honneur» և «Key to the City of Paris» կոչումները, որոնք արտացոլում են նրա աննախադեպ ազդեցությունը լուսանկարչության և մշակութային դիվանագիտության վրա:

«Բարև» ֆիլմը հարգանքի տուրք է Գյուլերի ուշագրավ ժառանգությունը և ծառայում է որպես կինեմատոգրաֆիական պատմական իրադարձություն՝ հանդիսանալով այս մասշտաբի առաջին համատեղ արտադրությունը Թուրքիայի և Հայաստանի միջև:


Ֆիլմը ստացել է աջակցություն Թուրքիայի մշակույթի նախարարության կինոյի հիմնադրամի կողմից և նախնական գնման արտոնագիր՝ TRT-ի 12 Punto սցենարների մշակման հարթակի կողմից, որի ժյուրիի նախագահը եղել է Օսկարակիր ռեժիսոր Պավել Պավլիկովսկին։

«Ֆիլմի հեղինակները համոզված են, որ մշակութային համագործակցությունը կարող է լինել ապաքինման և փոխըմբռնման միջոց, և «Բարևը» նպատակ ունի ցույց տալու կինոյի ուժը՝ պատմական ժառանգությունը գնահատելու և իմաստավորելու ճանապարհին», եզրակացնում է Variety-ն։

1967 թվականի աշնանը տեղի ունեցած իրադարձությունները նկարագրող «Բարև» ֆիլմը պատմում է Արա Գյուլերի մասին, երբ նա գտնվում է իր կարիերայի բարձրակետում։

39 տարեկան Արան լուսանկարել է աշխարհի ամենահեռավոր անկյունները և ամենաազդեցիկ անհատներին։ Այնուամենայնիվ, հոր հետ կարճատև ճանապարհորդությունը դեպի հոր ծննդավայր և նախնիների հայրենիք վերածվում է խորապես անձնական ոդիսականի, որը ընդմիշտ կփոխի նրան։

Ֆիլմի ռեժիսորներ՝ Էլա Ալյամաչ, Արեն Պերդեցի, սցենարիստներ՝ Էլա Ալյամաչ, Արեն Պերդեցի: Պրոդյուսերներն են  Էլա Ալյամաչը, Հարություն Կուրանը:

Ֆիլմի Կո-պրոդյուսերներն են Անի և Հովհաննես Գալստյանները: 

Ֆիլմը կենսագրական պատմական դրամա է:

1/2945
bottom of page