«Թյուրիմացություն է». Անիի համայնքապետարանը մեկնաբանել է Սոֆիայի օդանավակայանում աղմկահարույց միջադեպը
- Lilit

- Oct 6
- 1 min read

Անիի համայնքապետարանը մեկնաբանել է Սոֆիայի օդանավակայանում տեղի ունեցած աղմկահարույց միջադեպը։
Պարզաբանման մեջ նշվում է. «Անիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ մամուլում շրջանառվող լուրերն այն մասին, թե հոկտեմբերի 1-4-ը Անի համայնքի պատվիրակության՝ Բուլղարիա կատարած այցի ժամանակ Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, չի համապատասխանում իրականությանը։ Ընդ որում, տեղի լրատվամիջոցները հղում են կատարել բուլղարական լրատվամիջոցներին։
Անիի համայնքապետարանը պարզաբանում է, որ սույն թվականի հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, օդանավակայանի անցակետում կատարված միջադեպը որակում է թյուրիմացություն։
Կատարվածի մասին տեղյակ է Բուլղարիայում ՀՀ դեսպանությունը։ Դիվանագիտական կառույցը կդրսևորի հետևողականություն և դեպքին կտա համապատասխան գնահատական։
Նշենք, որ տեղի ունեցած միջադեպից հետո անեցի պատվիրակներին օդանավակայանում դիմավորել է Նովի պազարի փոխքաղաքապետը և այլ պաշտոնատար անձինք։ Այնուհետև Նովի պազարի քաղաքապետ Գեորգի Գեորգիևի հրավերով Բուլղարիա մեկնած Անիի պատվիրակությունը, ի դեմս համայնքի ղեկավար Արման Սարիբեկյանի, արժանացել է ջերմ ընդունելության։ Չորսօրյա պաշտոնական այցը անցել է ջերմ ու անմիջական մթնոլորտում, հագեցած ու տպավորիչ օրակարգով։ Այդ մասին են վկայում մեր նախորդ հրապարակումները»։
Ավելի վաղ հայտնել էին, որ Սոֆիայի «Վասիլ Լևսկի» օդանավակայանում տեղի է ունեցել աղմկահարույց դիվանագիտական սկանդալ, հաղորդում է բուլղարական Blitz-ը։
Հոկտեմբերի 1-ին Բուլղարիա ժամանած հայկական պատվիրակությունը՝ Անի քաղաքի քաղաքապետ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, ենթարկվել է նվաստացուցիչ զննության։ Ըստ հաղորդումների, նրանց ստիպել են ամբողջությամբ մերկանալ, հարցաքննել են և մի քանի ժամ պահել ծառայողական տարածքներում։




















