Պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպում է ունեցել իր ազդեցության գործակալների հետ․ դրանք հայ ժողովրդի և ՀՀ-ի քաղհասարակության հետ ոչ մի կապ չունեն․ Սաղաթելյան
- Lilit

- 7 hours ago
- 1 min read

Հայաստանից «քաղհասարակության» հինգ ներկայացուցիչ մեկնել է Բաքու։ Կառավարությունը «հայկական» պատվիրակության փոխադրումը ուղիղ չվերթով կազմակերպելու համար հատկացրել է 17.5 միլիոն դրամ, իսկ այցի նպատակը հիմնավորել են իբրև երկու պետությունների հասարակությունների միջև վստահության ձևավորում։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր և ՀՅԴ Հայաստանի գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
«Բաքվում շարունակվում է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս գերիների գործերով շինծու դատավարությունը, և մի քանի օր առաջ Ադրբեջանի դատախազությունը դատարանից պահանջել է Արայիկ Հարությունյանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին ցմահ ազատազրկում, իսկ մեր մյուս հայրենակիցներին՝ 16-20 տարի։
Մինչդեռ Բաքվում գտնվող քաղհասարակության ներկայացուցիչներն արդեն հայտարարել են, որ ծրագրում գերիներին այցելելու օրակարգ չկա։
Իրականում սա ոչ թե երկու ժողովուրդների միջև վստահության ձևավորմանն ուղղված քայլ է, այլ Ալիևի արյունոտ ձեռքերը լվանալու, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և ցեղասպանությունը լեգիտիմացնելու փորձ։
Նվաստացման, ստորացման և անարդարության պայմաններում, վախի և սպառնալիքի տակ ոչ խաղաղություն են կառուցում ոչ էլ վստահություն ձևավորում։
Ալիևի և նրա հանցակից Փաշինյանի նշյալ բոլոր փորձերը ձախողված են։ Պետք է արձանագրել, որ ադրբեջանական կողմը ընդամենը բաց հանդիպում է ունեցել իր ազդեցության գործակալների հետ․ դրանք հայ ժողովրդի և Հայաստանի քաղհասարակության հետ ոչ մի կապ չունեն»,-գրել է նա։




















