«Չպետք է նեղացած որդու նման թողնել ու ասել՝ վե՛րջ». գնդերեցները հանդիպել են Վեհափառ Հայրապետի հետ, Վեհափառն ասել է՝ պետք է մնան աղոթող հայ զինվորի ու հայոց բանակի համար
- Lilit

- 15 hours ago
- 2 min read

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրամանով՝ 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։ Բանակում ծառայող հոգևորականը դադարում է լինել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ներկայացուցիչը, չնայած հոգևոր կրթության պահանջը պարտադիր է, սակայն հետայսու նա ներկայանում է որպես սպա ու ենթարկվում ՀՀ ԶՈւ բարոյահոգեբանական ապահովման վարչությանը։
Հոգևոր առաջնորդությունը կարևորագույն առաքելություն է իրականացրել Զինված ուժերում, գնդերեցները ոչ միայն հոգևոր, այլև բարոյահոգեբանական ծառայություն են մատուցել, եղել են բանակի սիրտը։
Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Պսակ քահանա Մկրտչյանը, ով տարիներ շարունակ հոգևոր ծառայություն է իրականացրել որպես գնդերեց, ասում է՝ ՊՆ-ի որորշումը ցավի ու ափսոսանքի զգացողություն է առաջացրել, տարիների վաստակը մի կողմ դրվեց։
Գնդերեցները երբեք չեն խառնվել քաղաքական գործընթացներին, եղել են սպայի ու զինվորի կողքին։
Փորձել են ճնշել, համոզել գնդերեցներին, որ միանան եկեղեցու դեմ արշավին, միայն չորսն են համաձայնել։
Տեր Պսակը սպասում է, որ կարող են գնդերեցների նկատմամբ էլ քրեական հետապնդում հարուցել, ասում է՝ որպես մարդ հնարավոր է մտավախություն լինի, բայց որպես հոգևորական պատրաստ են գնալ փշոտ ճանապարհով։
Տեր Տրդատ քահանա Գևորգյանը սպասել է, որ այս քայլին կգնար ՊՆ-ն, գնդերեցների նկատմամբ բանակում արդեն փոխվել էին տրամադրությունները։
Անձնական ցավ է համարում իր համար Սուրեն Պապիկյանի այս որոշումը։
Տեր Տրդատը սահմանամերձ զորամասերում է հոգևոր ծառայություն իրականացրել, պատերազմի ժամանակ զինվորի կողքին եղել, անգամ՝ մկրտություն արել։
Գնդերեց-զինվոր կապը շատ ամուր է եղել, եթե անգամ զինվորն ամաչել է խոսել իր հոգեվիճակի մասին՝ գնդերեցը զգացել է, թե զինվորն ինչ վիճակում է, Տեր Հայրն ասում է՝ կարծես աչքերով կանչեր հոգևորականին։
ՊՆ չի գնացել Տեր Տրդատը, միայն սարկավագներին են կանչել, բայց զորամասերի հրամանատարներն են մոտեցել, փորձել հասկանալ՝ դեմ դուրս կգա՞ն Վեհափառին։
Անձնական ցավ է ապրում, որ իր հոգևոր եղբայրներից մի քանիսը միացել են եկեղեցու դեմ արշավին։ Ասում է՝ էլի կմնան հոգևոր եղբայրներ, բայց նրանց մտքերն արդեն տարբեր ճանապարհով են գնում։
Գնդերեցները հանդիպել են Վեհափառ Հայրապետի հետ, Վեհափառն ասել է՝ պետք է մնան աղոթող հայ զինվորի ու հայոց բանակի համար։




















