«Մինչ «եղբայրության» շոու են բեմադրում, Ալիևը վերաշարադրում է պատմությունը»․ Սոնա Աղեկյան
- Lilit

- 2 hours ago
- 3 min read

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ Բաքուն խոսում է «խաղաղության», «եղբայրության» և «համակեցության» մասին, Ալիևը իր պատմաբանների ձեռքով, բաց տեքստով հայտարարում է, որ Իրևանը ադրբեջանական քաղաք է։ Արդյո՞ք խաղաղության ձեռք բերո՞ւմ է, թե՝ տարածքային հավակնության պաշտոնական ձևակերպում․
«Արևմտյան Ադրբեջան» կոչված թեզը ոչ թե գիտական հայտնագործություն է, այլ քաղաքական պատվեր, որը սպասարկում է մեկ նպատակ՝ Հայաստանի նկատմամբ պատմական իրավունքների կեղծում և ապագա պահանջների նախապատրաստում։
530 քարանձավ, «վաղ ադրբեջանական մշակույթ», «ամենահին էթնոմշակութային շրջան» — այս ամենը կեղծ գիտություն է, որը չունի որևէ լուրջ ընդունված հաստատում միջազգային ակադեմիական հանրության կողմից։ Ադրբեջանական ժողովուրդը որպես էթնոս ձևավորվել է միջնադարում, մինչդեռ Երևանը հազարամյակներ շարունակ եղել է հայկական քաղաք, սկսած Էրեբունիից՝ մ.թ.ա. 782 թ․։
Իրևանի «հիմնադրումը» 16-րդ դարում ներկայացնելը պարզապես պատմական մանիպուլյացիա է․ դա լավագույն դեպքում վերաբերում է օտար կայսրությունների վարչական կառույցներին, ոչ թե քաղաքակրթական ծագմանը։ Քաղաքը չի սկսվում ամրոցի վերանվանումից։
Մզկիթի գոյությունը Երևանում ներկայացնել որպես «ադրբեջանական ներկայության ապացույց»՝ այն դեպքում, երբ Արցախում և Նախիջևանում համակարգված կերպով ոչնչացվել են հազարավոր հայկական եկեղեցիներ, գերեզմանոցներ ու խաչքարեր, միջազգային հանրության աչքի առաջ՝ իրականացված մշակութային ցեղասպանության ֆոնին, պարզապես ցինիզմ է։
Եվ ամենակարևորը․ երբ Ալիևը խոսում է «վերադարձի իրավունքից», «վիրավոր պատմական արդարությունից» ու «Արևմտյան Ադրբեջանից», նա խոսում է ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին։ Այս նույն ձեռագրով սկսվեց Արցախի դեմ պատերազմը։
Ուստի՝ մինչ մեզ պարտադրում են «խաղաղության օրակարգ», պետք է հստակ ասել՝ խաղաղություն չի կարող լինել, երբ միաժամանակ հայտարարվում է, որ Երևանի նման քաղաքը «ադրբեջանական է»։
Սա ոչ միայն պատմաբանների վեճ է, այլ պետական մակարդակով տարածքային պահանջ, և դրա անտեսումը հանցավոր թեթևամտություն է։
Ստորև ներկայացնում եմ «եղբայրական» երկրի ինֆորմացիոն կայքերից մեկով 2026 թվի փետրվարի 6-ին հեռարձակված թողարկման իմ թարգմանությունը, ովքեր կցանկանան, հաղորդման լինքը կարող եմ տալ անձնական նամակով։
***Արևմտյան Ադրբեջանը պատմական ադրբեջանական հողերի ամենավաղ էթնոմշակութային շրջաններից է: Այստեղ է ձևավորվել ադրբեջանական ժողովրդի ամենահին մշակույթներից մեկը: Գիտական հետազոտությունների համաձայն՝ վաղ հնագիտական ժամանակաշրջաններից սկսած՝ այս տարածքում հայտնաբերվել է ավելի քան 530 քարանձավ, որոնք ծառայել են որպես հին ադրբեջանական բնակավայրեր: Գիտությունների ազգային ակադեմիայի պատմության և ազգագրության ինստիտուտի Արևմտյան Ադրբեջանի պատմության բաժնի վարիչ Ջաբի Բահրամովի խոսքով՝ 16-րդ դարի սկզբին այստեղ հիմնադրվել է առաջին ադմինիստրատիվ կառավարման կենտրոնը, որը ներառում էր 19 մահալլա: Հենց այդ ժամանակից էլ դրվել է հին ադրբեջանական Իրէվան քաղաքի հիմքը: Սկզբում Իրէվանը որպես ամրոց է կառուցվել, հետո, դարերի ընթացքում այն ձևավորվել է որպես քաղաք, որը 1918 թվականին պաշտոնապես ստացել է խոշոր բնակավայրի կարգավիճակ: Այժմ այնտեղ ադրբեջանական ոչինչ չկա: Կա ընդամենը մեկ մզկիթ, որը ներկայացնում են որպես իրանական և 2016 թվականին, ՀՀ մշակույթի նախարարության որոշմամբ /ի նկատի ունի ՀՀ կառավարության 10․12․2015թ․, N 1499-Ն որոշումը/ 99 տարով այն վարձակալության հանձնվեց Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Այսօր ադրբեջանցի գիտնականները պատրաստել են լայնածավալ նախագիծ՝ Արևմտյան Ադրբեջանի վիրտուալ հանրագիտարանային հավաքածու, որը ներառում է մոտ 5000 էջ և 16 կատալոգ, որոնք ընդգրկում են Արևմտյան Ադրբեջանի քաղաքներն ու գյուղերը, որոնց անունները փոխվել են մինչև 1918 թվականը։ 15 տարվա ընթացքում, մեզ հաջողվել է գտնել բոլոր արխիվային փաստաթղթերը, որոնցով փոխել են տեղանուննեը և փաստաթղթերը կազմվել են ռուսական նախագծերով։ Արևմտյան Ադրբեջանն ունի նաև ժողովրդական արվեստի ավանդույթներ, ավանդական արհեստներ, փայտի փորագրություն և կերամիկա, որոնք արտացոլում են տեղի բնակիչների բարձր մակարդակը։ Երաժշտությունը, ժողովրդական երգերը, պարերը և ծիսական բանահյուսությունը, տոնակատարությունները և ժողովրդի հոգևոր կյանքը։ Արևմտյան ադրբեջանցիներն ունեն ավանդույթներ, որոնք օրգանապես կապված են ամբողջ Ադրբեջանի մշակույթի հետ և արտացոլում են տարածաշրջանի հարուստ պատմական ժառանգությունը։ Տարածված կարծիքը, որ Ռուսաստանի տարածաշրջան ժամանելուց առաջ կրթական համակարգ չի եղել, ճիշտ չէ։ Արխիվային փաստաթղթերը վկայում են, որ ռուս-թաթարական դպրոցի ստեղծումից առաջ էլ կրթություն է իրականացվել։ Ավելին, Իրէվանյան ճեմարանի և գիմնազիայի ուսուցիչներից մի քանիսը տեղի հոգևորականներ էին։ Տեղի բնակչությունը խոսում էր երեք լեզվով՝ թուրքերեն, արաբերեն և պարսկերեն, ինչը հերքում է այն պնդումը, որ նրա անգրագիտությունը գիտության, մշակույթի և ռազմական գործերի մեջ նշանակալի ներդրում է ունեցել Ադրբեջանի զարգացման գործում։ Արևմտյան Ադրբեջանում ծնվածները ադրբեջանական մշակույթին և գիտությանը տվել են ականավոր անհատականությունների մի ամբողջ գալակտիկա։ Այս ամենը հաստատում է, որ Արևմտյան Ադրբեջանի մշակութային ժառանգությունը ադրբեջանական ժողովրդի պատմության և մշակույթի անբաժանելի մասն է կազմում,- հնչում է այդ թողարկման ավարտին»։




















