Viva-ն` համահայկական ստեղծագործական հարթակի աջակից
- Lilit

- 2 hours ago
- 2 min read

Ամփոփվել են «Ծիլ տուր հայերեն-2025» ստեղծագործական մրցույթի արդյունքները:
Չորս տարի առաջ, «Ծիլ» կրթական ծրագրով ստեղծվել է հարթակ՝ աշխարհասփյուռ հայ պատանիներին համախմբելու և հայկականության պահպանմանն ուղղված քայլերի համար: Հաջողված մոդելի կիրառման արդյունքում, «Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն» (ԿԶՆԱԿ) հիմնադրամի փորձագիտական եզրակացությամբ, 2025 թվականին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պաշտոնապես կրթական է ճանաչել «Ծիլ տուր հայերեն» ստեղծագործական մրցույթը: Նույն թվականին, «Ամրոց» հիմնադրամի նախաձեռնած մրցույթի կազմակերպմանն ու համահայկական հարթակի աջակցմանն է միացել հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Viva-ն:
Առցանց տիրույթում իրականացված մրցույթը 2025 թվականի կրել է «Իմ անունով երկիրը» խորագիրը: Արձանագրվել է Հայաստանի և Սփյուռքի պատանիների ակտիվ մասնակցության ցուցանիշ` 200 հայտ: Մասնակիցներին հնարավորություն է տրվել հայրենիքի, ինքնության և պատկանելության մասին իրենց պատկերացումներն արտահայտել հայերենով կամ օտար լեզուներով:
«Այս նախաձեռնության կարևորությունն անգնահատելի է: Սա ոչ թե ուղղակի շարադրության կամ ստեղծագործական մտքի մրցույթ է, այլ հայկական մեծ սփյուռքի երիտասարդությանը համախմբելու ռազմավարական քայլ: Ժամանակակից տեխնոլոգիաների շնորհիվ այս հարթակը կապում է աշխարհի տարբեր մասերում ապրող հայերի ժառանգներին՝ անկախ նրանից, թե ինչ լեզվով են նրանք արտահայտում իրենց մտքերը, անգամ՝ օտարագիր: Ինձ քաջ ծանոթ է սփյուռքի փորձը. լեզուն մեր ինքնության հիմքն է, սակայն պատկանելությունը չափվում է ոչ թե առոգանությամբ կամ լեզվի իմացությամբ, այլ ժողովրդի և մշակույթի հետ ներքին կապով: Ես սիրում եմ «Իմ անունով երկիրը»: Համոզված եմ, որ անկախ լեզվից՝ բոլորի աշխատանքներում արտահայտվել է մտքի նույն ջերմությունը»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Աշնանը մեկնարկած մրցույթի արդյունքներն արդեն ամփոփվել են: Դրանք գնահատող հանձնաժողովի անդամներն արձանագրել են ձեռքբերումներն ու արել կարևոր դիտարկումներ՝ հետագայում մրցույթի ազդեցությունն ավելի թիրախային դարձնելու համար: Արևելահայերենով, արևմտահայերենով և հայերենի տարբեր բարբառներով ինքնատիպ աշխատանքներ են ներկայացվել գրական ստեղծագրության, տեսողական արվեստի և օտարագիր (խրախուսական) անվանակարգերում։ Սփյուռքից ստացվել են նաև ռուսերեն, անգլերեն և իսպաներեն գրված աշխատանքներ:
«Ծիլ 2025»-ի հայտերի քանակը փաստեց պատանիների մեծ հետաքրքրությունն ու աճի ներուժը, բայց և ուրվագծեց մեր անելիքների ծավալը։ Գալիք տարի նախատեսում ենք իրականացնել «Ծիլ տուր» աշխատարանները՝ ստեղծելու այնպիսի միջավայր, որտեղ պատանիները կունենան անընդհատ գրելու հնարավորություն ու կհասկանան՝ ստեղծագործելը նաև նվիրված աշխատանք ու կարգապահություն է։ Մեր նպատակն է օգնել նրանց ստեղծել արժեքավոր բովանդակություն, որը կդառնա իրենց ինքնության ու հայացքների վավերական արտահայտումը։ Հաճելի է արձանագրել, որ թվային տեխնոլոգիաների դարում, սերունդների և համայնքների միջև լեզվական ու մշակութային կամուրջ ստեղծելու ճանապարհին, «Ամրոց» հիմնադրամին միացավ հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Viva-ն: Երազանքս է տեսնել լեզվով ամուր սերունդ, որը սիրում է հայերենն ու այդ սերը փոխանցում աշխարհին», - ասել է «Ամրոց» հիմնադրամի գործադիր տնօրեն Անի Ղարաբաղցյանը։
Կայացել է մրցույթի պաշտոնական փակումն ու կազմակերպվել մրցանակաբաշխությունը: Հիմնական անվանակարգերում առանձնացվել, դրամական ու խրախուսական մրցանակի է արժանացել 3-ական լավագույն աշխատանք: Իսկ առաջին անգամ ներկայացված՝ «Օտարագիր» խրախուսական անվանակարգում լավագույն աշխատանքների հեղինակները ստացել են հայագիտական կրթական ծրագրերի մասնակցելու հնարավորություն: Ի դեպ, 2025 թվականի մրցույթին առաջին անգամ ստեղծվել է նաև թերթոն, ինչը ևս համարվում է կարևոր ձեռքբերում: Դրանում տեղ են գտել լավագույնը ճանաչված և խրախուսանքի ներկայացված աշխատանքները:




















