top of page

ՔԿ-ն փորձել է խուսափել պատասխան տալուց, ինչը համարժեք է մերժման. Արամ Վարդևանյանի արձագանքը՝ ՔԿ-ի պարզաբանմանը

  • 2 hours ago
  • 2 min read

Բնավ զարմանալի չէ, որ «Հայկական ժամանակ» օրաթերթն է այդ հարցի վերաբերյալ պարզաբանում տարածում և հենց առաջին աղբյուր հանդես գալիս, զրույցում անդրադառնալով օրաթերթում հրապարակված ՔԿ-ի պարզաբանմանը, թե Սամվել Կարապետյանին չի արգելվել համագումարի ժամանակ տեսաուղերձով հանդես գալ, ասաց Սամվել Կարապետյանի փստաբանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը։

 Փաստաբանը նշեց, որ երբ դեռևս քննության առարկա էր հանդիսանում Սամվել Կարապետյանի նկատմամբ ապօրինի կալանքը երկարաձգել-չերկարաձգելու հարցը, փաստաբաններն էլ գտնվում էին դատական նիստում,  հենց «Հայկական ժամանակ» օրաթերթն էր հրապարակել, որ կալանքն արդեն իսկ 2 ամսով երկարաձգվել է. «Հետաքրքիր է, որ կրկին «Հայկական ժամանակ» օրաթերթը Սամվել Կարապետյանի մասով բացառիկ հրապարակում է անում»։

Նշենք, որ «Հայկական ժամանակը» գրել է՝ պնդումը, թե «Քննչական կոմիտեն չի տվել հնարավորություն Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալու համար», չի համապատասխանում իրականությանը:

«Խնդրում եմ ցանկացած անաչառ դիտորդի ներկայացրեք այս պատասխանը, որից ակնհայտ է, որ Քննչական կոմիտեն մերժել է։ Իմ կողմից նման գործելաոճ առկա չէ, թե չէ ես կհրապարակեի իմ կողմից ներկայացված դիմում-հարցումը և պատասխանը։ ՔԿ-ին դիմում-հարցում է ներկայացվում ոչ թե որպես մի կառույցի, այլ տվյալ դեպքում Սամվել Կարապետյանի գործով որպես վարույթն իրականացնող  մարմնի, որին ի պատասխան ստանում ենք դիրքորոշում, որ վերջիներս նման մեկնաբանությամբ հանդես գալ չեն կարող։ Արդյո՞ք դա հենց նույն մերժումը չէ։ Եթե լեզվական կամ տերմինաբանական կանոնով էլ առաջնորդվենք, ակնհայտ է, որ դա հենց մերժումն է»։

Վարդևանյանը նշեց՝ չէր ցանկանա նման մանրամասների անդրադառնալ. «Պատկերացրեք՝ Սամվել Կարապետյանի  նկատմամբ սահմանափակումները կիրառվում են դատարանի որոշմամբ, բայց դրանց պահպանման կամ խախտման հանգամանքները գնահատում է ՔԿ-ն։ Այսինքն, ՔԿ-ն, երբ հղում է տալիս, թե չի կարող մեկնաբանել դատական ակտերը, սա կիսաճշմարտությունը ներկայացնելու դասական օրինակ է։ Չէ՞ որ եթե ենթադրյալ խախտում տեղի ունենար, ապա դրա գնահատման հասցեատերը լինելու էր հենց ՔԿ-ն։ ՔԿ-ն պարզապես փորձել է խուսափել պատասխան տալուց, ինչը համարժեք է մերժման։ Իմ հարցմանը պետք է պարզապես պատասխանվեր՝ այո կամ ոչ»։

Սակայն, ըստ Վարդևանյանի, հենց «Հայկական ժամանակին» տված պատասխանում ակնհայտ է, որ  ՔԿ-ն որոշակի իմաստով ընդունում է, որ մերժել են. «Կխնդրեի, որ հնարավորության դեպքում «Հայկական ժամանակը» դատախազությունից ևս ստանար հստակ դիրքորոշումը, քանի որ մինչ օրս ես պատասխան չեմ ստացել, իսկ սահմանված ժամկետում պատասխան չտալը կրկին համարժեք է մերժման»։

Հիշեցնենք, որ երեկ Վարդևանյանը ասել էր, որ քննչականն ու դատախազությունը հնարավորություն չեն տվել Սամվել Կարապետյանին տեսաուղերձով հանդես գալ։

1/3164
bottom of page