top of page

Ովքեր և որքան գումար են փոխանցել «Քաղաքացիական պայմանագրին»

  • 4 days ago
  • 2 min read

Վերջին տարիներին արտոնություն ստացած մի շարք գործարարներ միասին շուրջ 110 միլիոն դրամի նվիրատվություններ են կատարել ինչպես կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, այնպես էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ` Աննա Հակոբյանի ղեկավարած «Իմ քայլը» հիմնադրամին, գրել է Infocom.am կայքը և մանրամասներ ներկայացրել։

«12 150 420 ՀՀ դրամ. 2023-2024 թթ․ այսքան գումար են կառավարությունից մաքսային արտոնություն ստացածները նվիրատվություն կատարել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս թիվը կարող է ավելի մեծ լինել, քանի որ նվիրատուների վերաբերյալ բավարար տվյալների բացակայության պատճառով ոչ բոլորին է հնարավոր նույնականացնել։

«Ինֆոքոմը» կարողացել է նույնականացնել արտոնություն ստացած 11 ընկերությունների 13 սեփականատերերի և տնօրենների, որոնք նվիրատվություններ են կատարել կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը արտոնությունը ստանալուց առաջ կամ հետո։ Մեծ հավանականությամբ այս թիվն ավելի մեծ է, քանի որ կուսակցությունը հրապարակում է նվիրատուների միայն անուն-ազգանունները, ինչը տարածված անունների դեպքում անհնար է դարձնում մարդկանց նույնականացումը։ 

«Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» հակակոռուպցիոն փորձագետ Վարուժան Հոկտանյանի խոսքով՝ նվիրատուների միայն անուն-ազգանունները հրապարակելը լուրջ խնդիր է, ինչը ստեղծում է թվացյալ թափանցիկության պատկեր։



«Թափանցիկությունը, եթե չի զուգակցվում հաշվետվողականության, մասնակցության հետ, դառնում է մի շատ վտանգավոր և ապակողմնորոշող բան, որի քողի տակ շատ ավելի կարևոր բաներ թաքցվում են։ Օրինակ` անուն-ազգանունները բաց հրապարակում են, բայց կան անուն-ազգանուններ, որոնք հարյուրներով կարող են լինել Հայաստանում։ Էլ ի՞նչ թափանցիկության մասին է այստեղ խոսքը։ Հարցը պետք է ավելի լուրջ դրվի, թե չէ, եթե այդպես է, ընդհանրապես ոչ մի բան թող չհրապարակեն։ Մինչդեռ ավելի նորմալ երկրներում նույնիսկ նվիրատուների հասցեներն են նշվում»,-ասել է Հոկտանյանը։



Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից տեղեկացնում են, որ հաշվի առնելով գործընթացի թափանցիկության վերաբերյալ մտահոգությունները՝ 2026-ից սկսած, բացի անուն-ազգանունից, ավելացվել է նաև հայրանուն դաշտը, որը սակայն պարտադիր լրացման ենթակա չէ և կախված է կուսակցության հայեցողությունից։

2023 թվականի հուլիսի 31-ին Վլադիմիր Վրեժի Պողոսյանը, որն այդ պահի դրությամբ «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ-ի տնօրենն էր, 2 500 000 դրամ նվիրատվություն է կատարել ՔՊ-ին կուսակցության դրամահավաք-երեկոյի ժամանակ։ Մի քանի շաբաթ անց՝ սեպտեմբերի 14-ին, կառավարության որոշմամբ «Ջերմուկ գրուպը» ազատվել է 102․6 մլն դրամ մաքսատուքի վճարից՝ 8․3 մլրդ դրամի հումքի և սարքավորումների ներմուծման համար։ 

Ընկերության սեփականատերն է Վահագն Արսենյանը՝ գործարար Աշոտ Արսենյանի որդին, որը 2025-ի հոկտեմբերին նշանակվել է Վայոց ձորի մարզպետ, իսկ դրանից առաջ Ջերմուկ համայնքի ղեկավարն էր։ 

1/3198
bottom of page