top of page

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածքով հեռացավ Աննա Հակոբյանը առաջին տիկնոջ կարգավիճակից

  • 3 hours ago
  • 2 min read

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ Աննա Հակոբյանը հաստատեց, որ բաժանվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից և հայտնեց, որ հեռանում է կառավարական առանձնատնից։ Քաղաքական դաշտում լայն արձագանք ստացած այս հայտարարության ֆոնին «Ժողովուրդ» օրաթերթը ներկայացնում է նրա 2024 թվականի գույքի, եկամուտների և ծախսերի տարեկան հայտարարագրի առանցքային տվյալները՝ հասկանալու, թե ինչ ֆինանսական և գույքային պատկերով է նա հեռանում առաջին տիկնոջ կարգավիճակից։

Անշարժ գույք

Հայտարարագրի համաձայն՝ 2024 թվականի դրությամբ Աննա Հակոբյանն ունեցել է երկու բնակարան՝ երկուսն էլ Երևանում։


• Բնակարան՝ Շենգավիթ վարչական շրջան (ձեռք բերված 2005թ., գնում, միանձնյա սեփականություն)


• Բնակարան՝ Երևան (ձեռք բերված 2006թ., ժառանգություն, բաժնային սեփականություն՝ 4/9 բաժնեմաս)

Միաժամանակ, 2024 թվականի ընթացքում նա օտարել է Շենգավիթում գտնվող բնակարանը՝ այն վաճառելով 45,500,000 դրամով։ Տարեվերջին, ըստ հայտարարագրի, նրա սեփականության տակ մնացել է միայն ժառանգությամբ ստացված բնակարանի 4/9 բաժնեմասը։

Տրանսպորտային միջոցներ

Հայտարարագրված են երեք ավտոմեքենա՝


• NISSAN (2008թ., ձեռք բերված՝ 2010թ.)


• RENAULT (2006թ., ձեռք բերված՝ 2009թ.)


• VAZ (2004թ., ձեռք բերված՝ 2009թ.)

Բոլոր մեքենաները ձեռք են բերվել մինչև իշխանափոխությունը, ինչը արձանագրված է նաև նախորդ տարիների հայտարարագրերում։

Ներդրումներ և բաժնեմաս

Աննա Հակոբյանը հայտարարագրել է բաժնեմաս՝ 29/05/2009թ. ձեռք բերված, 25,000 դրամ արժեքով։ Այլ խոշոր ներդրումներ կամ արժեթղթեր հայտարարագրում նշված չեն։

Փոխառություններ

Հայտարարագրի համաձայն՝ տարեվերջին առկա է 49,350,000 դրամ փոխառություն, տրամադրված՝


• «Իջևանատուն» ՓԲԸ


• «Ար ընդ Ար» ՍՊԸ

Փոխառությունների տրամադրման պայմանները հայտարարագրում մանրամասն չեն ներկայացվում, սակայն գումարի չափը խոսում է էական ֆինանսական շրջանառության մասին։

Բանկային միջոցներ և կանխիկ դրամ

2024 թվականի ավարտին հայտարարագրված են հետևյալ դրամական միջոցները՝


• Բանկային ավանդներ՝ 40,000 ԱՄՆ դոլար և 10,000,000 դրամ


• Բանկային հաշիվների մնացորդ՝ 3,622,308 դրամ


• Կանխիկ դրամ՝ 8,500 ԱՄՆ դոլար և 650,000 դրամ

Այսպիսով, միայն բանկային և կանխիկ միջոցների ընդհանուր ծավալը կազմում է տասնյակ միլիոնավոր դրամների համարժեք գումար։

Եկամուտներ

2024 թվականի ընթացքում հայտարարագրված եկամուտները ներառում են՝


• Ստացված վարկ՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ – 44,415,000 դրամ


• Աշխատանքի վարձատրություն՝ «Իմ Քայլը» բարեգործական հիմնադրամ – 13,259,798 դրամ


• Աշխատանքի վարձատրություն՝ «Դարեսկիզբ» – 2,500,000 դրամ


• Այլ եկամուտ՝ ՀՀ ֆինանսների նախարարություն – 201,573 դրամ


• Անշարժ գույքի վաճառքից ստացված եկամուտ՝ 45,500,000 դրամ

Հայտարարագրում նշված ընդհանուր եկամուտը կազմել է 105,876,371 դրամ։

Տարեվերջին ստացված վարկերի մայր գումարի մնացորդը կազմել է 44,415,000 դրամ՝ նշված որպես կառուցվող շենքում բնակարանի ձեռքբերման նպատակով ներգրավված միջոց»։

1/3198
bottom of page