Սաղաթելյան. Հայաստանի իշխանությունները թշնամու հետ միասին պայքարում են հայկական ինքնության դեմ
- 3 hours ago
- 1 min read

Հայաստանի իշխանությունները թշնամու հետ միասին պայքարում են հայկական ինքնության դեմ։ Այս մասին Փարիզում՝ 25 երկրի ավելի քան 150 ներկայացուցչի մասնակցությամբ կայացած համաժողովի ժամանակ, հայտարարել է «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի համակարգող, պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
«Թիրախ է դարձել Հայ առաքելական եկեղեցին (ՀԱԵ)։ Հակառակ իշխանությունների հայտարարություններին՝ եկեղեցին չի միջամտում քաղաքականությանը, եկեղեցին պարզապես պաշտպանում է պետության հիմքերն ու մեր ժողովրդի իրավունքները։ Երբ ՀԱԵ-ն ու ազգային կազմակերպությունները միջազգային հարթակներում խոսում են արցախահայերի վերադարձի իրավունքի մասին, երբ եկեղեցին խոսում է Արցախում հայկական մշակութային-պատմական ժառանգության ոչնչացման մասին, դա միջամտություն չէ քաղաքականությանը, դա ժողովրդի հիմքերի պաշտպանությունն է։ Երբ իշխանություններն ասում են, որ եկեղեցին չպետք է արտահայտի իր դիրքորոշումը, իսկ սփյուռքը պետք է լռի, այդ դեպքում ո՞վ պետք է լուծի մեր ժողովրդի խնդիրները։
Իրավիճակը փոխելու համար հնչող բոլոր առաջարկները կմնան միայն թղթի վրա, քանի դեռ Հայաստանում հակահայկական վարչակարգ կա։ Եթե այս վարչակարգի հարցը չլուծվի, բոլոր նախաձեռնություններն ապարդյուն կլինեն։
Եթե այս վարչակարգը մնա իշխանության, հաջորդ անգամ մենք խոսելու ենք մեր պետության բեկորները հավաքելու մասին»,- նշել է Սաղաթելյանը։




















