Կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքները, կարծում եմ՝ առաջիկայում կդրսևորվեն. Վարդանյանը՝ ընդդիմության համագործակցության մասին
- 4 hours ago
- 1 min read

Մենք ենք եղել այն ուժը, որ այդ թվում՝ նախընտրական շրջանում ասել ենք՝ այո՛, համագործակցություն անհրաժեշտ է, որովհետև չկա մեկ քաղաքական ուժ կամ անհատ, որ կարող է ստեղծված իրավիճակը միայնակ լուծել: Այս մասին խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ ասել է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Ուրախ ենք, որ հիմա գնում ենք այդ ճանապարհով: Թույլ տվեք ասել, որ Նիկոլ Փաշինյանն իր գործողություններով ու հռետորիկայով ամբողջությամբ նպաստում է, որ ընդդիմությունը հասկանա իրականությունն ու գնա այդ ճանապարհով:
Հիմա կան առողջ քննարկումներ, որոնց արդյունքները, կարծում եմ՝ առաջիկայում կդրսևորվեն: Ես գնահատում եմ և կարևորում եմ, որ կա այդ քննարկումը և գիտակցումը՝ համագործակցության անհրաժեշտության, որովհետև դա է միակ ճանապարհը:
Մնացածը, կարծում եմ՝ առաջիկա փուլում, որը Սահմանադրական դատարան ընդդիմության ուժերի բողոքների քննարկման փուլն է, ավելի պարզ կերևա՝ ինչի մասին էին այս քննարկումները, համատեղ աշխատանքը»,-նշել է նա:
Հարցին՝ Ռոբերտ Քոչարյան-Սամվել Կարապետյան հանդիպում ե՞րբ տեղի կունենա, Վարդանյանը պատասխանել է՝ ավելի կոնկրետ դետալներ, կոնկրետ մարդկանց հանդիպումների մասին, բնականաբար, ես չեմ կարող ասել:




















