top of page

Կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը. ՄԻՊ

  • 2 hours ago
  • 2 min read


Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ուղերձ է հղել Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրվա կապակցությամբ:

«Օգոստոսի 30-ը՝ Բռնի անհետացումների զոհերի միջազգային օրը, ևս մեկ առիթ է անդրադառնալու բռնի անհետացման հետևանքով խաթարված կյանքերին և բարձրաձայնելու բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզման ու նրանց ընտանիքների իրավունքների պաշտպանության կարևորության մասին։

Բռնի անհետացումը մարդու իրավունքների կոպտագույն խախտումներից է։ Անձի գտնվելու վայրի և ճակատագրի վերաբերյալ տեղեկության բացակայությունը հաճախ ընտանիքներին տարիներ շարունակ պահում է անորոշության մեջ՝ խորապես անդրադառնալով նրանց արժանապատվության, հոգեկան բարեկեցության և բնականոն կյանքի վրա։

Հետևաբար, բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզումը միայն առանձին դեպքերի լուծման հարց չէ, այլ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում կարևորագույն համակարգային պարտավորություն։

Մեր հասարակության համար այս խնդիրը շարունակում է ունենալ առանձնահատուկ նշանակություն՝ հաշվի առնելով տարիներ շարունակ չպարզված ճակատագրերը և բռնի անհետացած անձանց ընտանիքների կողմից բարձրաձայնվող խնդիրները։ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունը հետևողականորեն անդրադառնում է այս հարցերին՝ դրանք ներկայացնելով ինչպես ներպետական իրավասու մարմինների, այնպես էլ միջազգային գործընկերների ուշադրությանը։

Հատկապես կարևորում եմ ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի և գտնվելու վայրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու իրավունքի լիարժեք ապահովումը։

Պետությունը պետք է գործադրի անհրաժեշտ և արդյունավետ միջոցները՝ անձի ճակատագիրը պարզելու, առկա տեղեկությունները բացահայտելու և ընտանիքներին պատշաճ կերպով տեղեկացնելու ուղղությամբ։ Այս աշխատանքը պետք է լինի հետևողական, շարունակական և հնարավորինս արդյունավետ։

Միաժամանակ, բռնի անհետացման դեպքերի բացահայտման և ընտանիքների իրավունքների պաշտպանության գործում կարևոր է միջազգային դերակատարների ներգրավվածությունը։

Իրենց մանդատների շրջանակում նրանք պետք է գործադրեն հասանելի բոլոր միջոցները՝ նպաստելու չպարզված ճակատագրերի պարզմանը և տուժած ընտանիքների իրավունքների պաշտպանությանը։

Այս գործընթացում առանձնահատուկ կարևորում եմ նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, այդ թվում՝ ընտանիքների նախաձեռնությամբ ձևավորված և ձևավորվող կազմակերպությունների դերը։

Տարիների ընթացքում նրանց կուտակած փորձը, ընտանիքների կարիքների և խնդիրների անմիջական իմացությունն ու հետևողական գործունեությունը կարևոր ներդրում են առկա խնդիրների վերհանման և դրանց լուծման արդյունավետ մեխանիզմների ձևավորման գործում։ Մեկ անգամ ևս վերահաստատում եմ իմ լիակատար աջակցությունը ընտանիքների նախաձեռնությամբ ձևավորվող քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և կարևորում նրանց ներուժի ու փորձի պատշաճ ներգրավումը այս ոլորտում իրականացվող գործընթացներում։

Որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ վերահաստատում եմ իմ պատրաստակամությունը՝ շարունակելու հետևողական աշխատանքը այս կարևոր ոլորտում՝ իմ մանդատի շրջանակում նպաստելով բռնի անհետացած անձանց ճակատագրերի պարզմանն ու նրանց ընտանիքների իրավունքների լիարժեք պաշտպանությանը։

Համոզված եմ՝ անձի ճակատագրի պարզումը պահանջում է շարունակական և համատեղ աշխատանք։

Յուրաքանչյուր ընտանիք ունի իր հարազատի ճակատագրի վերաբերյալ ճշմարտությունն իմանալու և իր իրավունքների լիարժեք պաշտպանության ակնկալիք, որը պետք է արժանանա պատշաճ ուշադրության և հետևողական արձագանքի»,- ասված է ուղերձում:

1/3577
bottom of page