ՊՆ-ն հերքում է Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք Ադրբեջանին հանձնելու մասին տեղեկությունը

Oragir.News-ը գրել է, որ Տավուշի մարզում ընթացող հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի արդյունքում Նոյեմբերյանի Բերդավան գյուղի հարակից 4-5 հայկական մարտական դիրք անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ։
Լրատվամիջոցը, հղում անելով իր աղբյուրներին, նաև պնդել է, որ նոր սահմանագիծը հասել է Բերդավանի բնակիչների համար կարևոր պատմամշակութային և հոգևոր վայրերի հարակից տարածք։
Մասնավորապես, հրապարակման մեջ նշվում է 10-11-րդ դարերի Ղալինջաքար ամրոցի, դրա հարևանությամբ գտնվող միջնադարյան եկեղեցու ավերակների և 12-13-րդ դարերի խաչքարերի մասին։
Oragir.News-ը փորձել է տեղեկությունը ճշտել նաև Բերդավանի վարչական ղեկավար Արամ Զուրաբյանից։ Վերջինս, սակայն, հերքել է 4-5 մարտական դիրք Ադրբեջանին անցնելու մասին տեղեկությունը։
«Տենց ինֆորմացիա չունեմ ես։ [...] Չկա տենց բան։ Ձեզ սխալ ինֆորմացիա են տվել։ Ոչ մի բան չկա, նման ինֆորմացիայի չեմ տիրապետում»,- ասել է Զուրաբյանը։
Նա նաև վստահեցրել է, որ Ղալինջաքար ամրոցի և հարակից Սուրբ Նշան եկեղեցու տարածքը շարունակելու է հասանելի լինել Հայաստանի քաղաքացիներին։ Զուրաբյանի խոսքով՝ նախատեսվում է նաև Բերդավանից քայլերթ-ուխտագնացություն դեպի ամրոցի հարակից Սուրբ Նշան եկեղեցի։
Կապ հաստատվեց ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակի հետ՝ պարզելու՝ արդյոք իրականությանը համապատասխանում է Բերդավանի հարակից 4-5 մարտական դիրք Ադրբեջանի վերահսկողության տակ անցնելու մասին տեղեկությունը։
ՊՆ խոսնակը հերքել է հրապարակված տեղեկությունը։
«Սա հերթական հերյուրանքն է»,- հայտնել է ՊՆ խոսնակը։




















