top of page

Բաջանաղի պարտքը վճարելու համար Հակոբ Ավետյանը մեղադրվում է քրեական ենթամշակույթին հարելու մեջ

  • Nov 20, 2022
  • 2 min read



Քրեական ենթամշակույթին հարելու համար մեղադրվող Գեղամասար խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Ավետյանի մեղադրական հոդվածը կվիճարկվի ՍԴ-ում։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց Ավետյանի շահերի պաշտպան Արծրուն Դանիելյանը։ Նա նշեց, որ վերջին դատական նիստի ընթացքում քննարկվել է պաշտպանական կողմի միջնորդությունն այդ մասին։


Փաստաբանի խոսքով՝ հոդվածի հակասահմանադրական ճանաչվելու դեպքում քրեական գործը կարճվելու է։


«Մեր կողմից վիճարկվում է որոշակիության սկզբունքը։ Առհասարակ, պաշտպանների համար անգամ անհասկանալի է այդ հոդվածը, քանի որ իրավական որոշակիություն չկա, ուղղակի բառակապակցություններ են, և որևէ մեկի համար հասկանալի չէ, թե ինչի համար են մեղադրվում այդ մարդիկ։ Բացի դա, դատական պրակտիկա չկա այս գործով, քանի որ այն նորամուծություն է դատական օրենսգրքում, հետևապես, անգամ դատական պրակտիկային հղում անել չի լինի, այս հոդվածը, կարծես, 2020թ-ին է ընդունվել՝ Ավետյանին մեղադրանք առաջադրելուց առաջ»,- մեկնաբանեց փաստաբանը։


Նրա կարծիքով՝ եթե անգամ այս հողվածը հակասահմանադրական չճանաչի ՍԴ-ն, ապա, գոնե, պետք է մեկնաբանվի, որպեսզի հասկանալի լինի, թե մարդկանց ինչի համար են մեղադրում։


Նրա խոսքով՝ Հակոբ Ավետյանի փաստացի արարքում որևէ հակաօրինական բան չկա։


«Ավետյանն իր կնոջ քրոջ ամուսնու պարտքը կնոջ քրոջ խնդրանքով մարել է։ Ես չեմ տեսնում այստեղ պետության սահմանած վարքագծից շեղում։ Ավետյանի քենակալն ինչ-որ անձնավորությունից «Օպել» մակնիշի մեքենաներ է վերցնում տարաժամկետ վճարելու պայմանով, բայց տվյալ մեքենաների գումարը չի կարողանում վճարի, դրանց տերերը պահանջում են գումարը, Ավետյանի քենին դիմում է նրան, նա էլ տվյալ անձանից հետ պայմանավորվում է, վճարում գումարը։


Ընդ որում, Ավետյանն իր բաջանաղին պարտք է եղել և պայմանավորվում են, որ այն գումարը, որը պետք է վճարի, դրանով մարի իր պարտքը։ Հիմա մեղադրանք են առաջադրել, թե քրեական մշակույթին հարող է։ Քրեական ենթամշակույթ կրող անձը, որի մասին խոսվում է քրեական գործում, գործարքի մյուս կողմն է, խոսքն Արսեն Մկրտչյանի մասին է՝ «Արսեն Երևանսկու»։ Խնդիրն այն է, որ արտասահմանյան ինչ-որ ոչ պաշտոնական կայքից են վերցրել, որ Արսեն Մկրտչյանն «օրենքով գող» է, ու դրա համար մեղադրանք են առաջադրել»,- մեկնաբանեց Դանիելյանը։։


Արմինե Նավոյան

 
 
1/3479
bottom of page