Ի՞նչ առողջական վիճակում են Բաքվից Հայաստան վերադարձած գերիները
- Nov 20, 2022
- 1 min read

Այսօր՝ նոյեմբերի 26-ին, Հայաստան վերադարձած երկու գերիները բուժզննում են անցնում։ Գերիներից մեկը, որ Արցախի բնակիչ էր, առողջական խնդիրներ ունի, իսկ Սյունիքի ուղղությամբ նոյեմբերի 16-ի բախումների հետևանքով գերեվարված հայաստանցի զինծառայողը Բաքվում վիրահատվել, նոր է Հայաստան բերվել։ Այդ մասին MediaHub.am-ի հետ զրույցում ասաց գնդապետ, Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության նախկին փոխտնօրեն Բորիս Ավագյանը։
Ավագյանն նշեց, որ հայ գերիների վերադարձը տեղի է ունեցել Արցախում ՌԴ խաղաղապահ ուժերի նորանշանակ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Գենադի Անաշկինի աջակցությամբ, իսկ պայմանավորվածությունները ձեռք են բերվել ՌԴ հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, ՌԴ խաղաղապահ զորախմբի նախկին ղեկավար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի՝ նոյեմբերի 17-ին Բաքու կատարած այցելության ընթացքում։
Նա հիշեցրեց՝ վիրավորված մեր զինծառայողի վերաբերյալ 1 շաբաթ առաջ տեղյակ էր պահել հանրությանը, որ մենք ունենք վիրավորված ու գերեվարված զինծառայող, որը վիրահատվում է Բաքվում, և որ ավարտից հետո կվերադարձվի։
«Երբ որ Ռուստամ Մուրադովը գտնվել է Բաքվում, բանակցություններ է վարել, հաջողել է ադրբեջանցիների հետ պայմանավորվել, որ վիրահատությունից հետո զինծառայողին Ադրբեջանը կվերադարձնի Հայաստանի Հանրապետություն։ Ադրբեջանցիներն այդ պայմանավորվածությունները պահպանել են ու այսօր նրան վերադարձրել են Հայաստան»,- մանրամասնեց Բորիս Ավագյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Սոչիում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումից առաջ Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել երկու գերիների, որոնցից մեկը զինվորական է, իսկ մյուսը՝ քաղաքացիական անձ։
Նարե Գևորգյան




















