Ինչո՞ւ Ադրբեջանը հարձակվեց Ջերմուկ-Սիսիան ուղղությամբ․ «Hraparak.am»
- Nov 20, 2022
- 2 min read

Hraparak.am-ը գրում է․
«Օրերս Ադրբեջանը հերթական ռազմական գործողություններն իրականացրեց Հայաստանի արևելյան՝ Ջերմուկ-Սիսիան ուղղությամբ։ ՊՆ-ի երեկվա կիսատ-պռատ հաղորդագրության մեջ ասվում է, որ կորցրել ենք 2 հենակետ, իսկ թե ինչ ծավալի տարածք է դա, քանի քառակուսի կիլոմետր ենք նահանջել մեր սահմաններից, ՊՆ-ն չի հստակեցրել։
ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը նախօրեին հայտարարել էր, որ մայիսի 12-ի ներթափանցումից հետո Ադրբեջանն օկուպացիայի ներքո է պահում Հայաստանի ինքնիշխան տարածքի շուրջ 41 քառակուսի կիլոմետրանոց տարածք՝ շուրջ 11 տեղամասում: Թե որքանով են այս թվերն արժանահավատ, դժվար է ասել։ Հատկանշական է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է իրականացնում Ջերմուկից մինչեւ Սեւ լիճ գտնվող սահմանային հատվածներում, որն ընդգրկում է նաև Ծիծեռնաքար բարձունքը։ Այդ հատվածը Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի ամենանեղ հատվածն է․ արեւելքում Քարվաճառի շրջանն է, որը նոյեմբերի 9-ի համաձայնագրով հանձնվեց Ադրբեջանին, իսկ արևմուտքում՝ Նախիջեւանը: Այդ հատվածում Հայաստանի տարածքի լայնությունը կազմում է ընդամենը 26 կիլոմետր, և այդ հատվածի վրա գրոհելով՝ Ադրբեջանը կարծես ուզում է ցույց տալ, որ հենց այդ հատվածով է ուզում միանալ Նախիջևանին, այսինքն՝ ստանալ միջանցքը, որի տրամադրման մասին շուրջ 1 տարի է՝ խոսվում է։
Վերջերս էլ ԱԽՔ Արմեն Գրիգորյանն Ադրբեջանին ուղղված խորհուրդ-հայտարարությամբ էր հանդես եկել, թե` եթե ճանապարհ եք ուզում, ապա ճանապարհ կարող ենք տալ Բիչենեկ-Խնձորեսկ ուղղությամբ։ Բիչենեկը փոքր քաղաք է Նախիջևանում և, զարմանալի պատահականությամբ, ուղղահայաց է այն հատվածին, որտեղ երկու օր առաջ ռազմական գործողություններ էին տեղի ունենում։
Թեմայի առնչությամբ Hraparak.am-ը զրուցել է 1990-1998 թվականներին ՀՀ տրանսպորտի նախարար Հենրիկ Քոչինյանի հետ․ հարցրինք, թե, իր կարծիքով, ինչո՞ւ Ադրբեջանը հենց այդ ուղղության վրա հարձակվեց։
«Բնական է, հարձակվել են այն հատվածի վրա, որտեղ փոքր դիմադրություն է։ Եթե քարտեզին նայեք, Գորայքի հատվածից հետո դա ամենանեղ հատվածն է»։
Իսկ Բիչենեկից ճանապարհ անցե՞լ է Հայաստանի տարածքով։
«Բիչենեկից մեր Մ2 ճանապարհի հետ հատվող ճանապարհ կա, Երևանից երբ գնում ենք, ձախ թևի վրա՝ դեպի Սև լիճ բարձրացող գրունտային ճանապարհ է՝ զուտ տեղական նշանակության, այդ գյուղի արոտները գնացող ճանապարհներ են»,- ասաց Քոչինյանը՝ նշելով, որ Ադրբեջանի համար ճանապարհ կառուցելը փոքր խնդիր է:
«Այստեղ հետագայում ճանապարհ կառուցելը շատ փոքր խնդիր է, Դուք նայեք, թե հետո ինչ է կատարվում, Գորիսը, Սիսիանը, Կապանը, Մեղրին, այդ ամբողջ հատվածը Հայաստանից կտրվում է, կարող է դառնալ անկլավ։ Հետո, տեղանքի առումով, այդ տեղանքում ճանապարհ կառուցելն ավելի հարմար է, քան Մեղրիով»։
Հարցին, թե Ադրբեջանը հենց ա՞յդ նպատակով էր հարձակվում Ջերմուկ-Սիսիան ուղղությամբ, թե՞ պարզապես դիրքեր ամրապնդելու խնդիր ունեին, Քոչինյանը ասել է․
«Ես, օրինակ, հակված չեմ մտածելու, որ զուտ տեղային իմաստով ուզեցել են, ենթադրենք, 1-2 կիլոմետր առաջ գալ։ Չեմ կարծում, որ դրա համար այդպիսի մեծ աղմուկով, հարայ-հրոցով, ամբողջ միջազգային հանրության ուշադրությունը գրավելով՝ մի դիրք ուզենային բարելավել կամ ինչ-որ այդպիսի բան։ Կարծում եմ, որ ավելի հեռահար նպատակներ ունեն, որոնց մասին իրենք գիտեն, բայց ենթադրությունս այդպիսին է»։
Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։




















