Ժպտերես էր, կյանքը շատ սիրող․ երեկ զոհված Սուրենն ընտանիքի 5-րդ զավակն էր
- Nov 20, 2022
- 1 min read

Արագածոտնի մարզի Սադունց գյուղում ծանր լռություն է․ կենսախինդ, ժպտերես, աշխատասեր ու նպատակասլաց Սուրենն է զոհվել։ Մեր երկրում ապրող եզդի ժողովրդի զավակ՝ 19-ամյա Սուրեն Սաֆարյանն անմահացավ երեկ Գեղարքունիքի մարզի Նորաբակ գյուղի հատվածում տեղակայված հայկական դիրքերից մեկում՝ թշնամու գնդակից։
Տղայի մասին գյուղում զգուշությամբ են խոսում․ ջահելները լռում են, ահելներն «էհ» ասելով հիշում՝ ինչպես էր Սուրենը ժպիտով կատարում իրենց՝ անգամ ամենադժվար հանձնարարությունները։
«Նա ընտանիքի հինգ երեխաներից կրտսերն էր։ Երկու քույրերն ամուսնացել, գնացել են հայրական տնից, եղբայրներն արդեն ծառայել էին հայոց բանակում և վերադարձել, երկրին պարտքը տալու հերթն իրենն էր»,- MediaHub.am-ի հետ զրույցում պատմեց Հայաստանի երիտասարդ եզդիների ասոցիացիայի ղեկավար Սայիդ Ավդալյանը։
Նա նշում է՝ Սուրենը մեծացել է սոցիալապես անապահով ընտանիքում, նախքան բանակ զորակոչվելն օգնել է ծնողներին․ անասուններին հանդ տարել, օր ու ամիսներ սարերում անցկացրել։
Թեև դժվար էր կենցաղը, Սուրենը սիրում էր կյանքը, որոշել էր՝ պետք է դառնա ընտանիքի միակ զավակը, որը բարձրագույն կրթություն կունենա։
«Դպրոցում շատ ակտիվ աշակերտ է եղել, լավ է սովորել, ապագայի պլաններ կազմել։ Հաստատ որոշել էր, որ պետք է ծառայությունից հետո ուսումը շարունակի»,- ասաց Ալագյազ խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Արթուր Գրիգորյանը։
Սուրենը վերջին անգամ հոր հետ է խոսել՝ զոհվելուց ընդամենը րոպեներ առաջ։ Ասել է, որ վիճակը լարված է, բավականին թեժ կռիվ է ընթանում․․․
Արցախյան 44-օրյա պատերազմից սկսած մեր եղբայրական ազգը՝ եզդիների համայնքը, 18 զոհ է ունեցել․ նրանք անմահացել են՝ պաշտպանելով հայրենիքը։


Նարե Գևորգյան




















