Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհն անցանելի է միայն ամենագնացների համար․ Շիկահողի նախկին ղեկավար
- Nov 20, 2022
- 1 min read

Այս պահին կառուցվող Կապան-Ճակատեն այլընտրանքային ճանապարհը դեռևս անցանելի է միայն ամենագնաց մեքենաների համար, քանի որ շինարարական աշխատանքներ են տարվում։
Այդ մասին MediaHub-ի հետ զրույցում ասաց Շիկահողի բնակիչ, նախկին վարչական ղեկավար Նարե Ղազարյանը։
«Այս պահին օգտվում ենք Մ17 միջպետական ճանապարհից, որն անցնում է Մեղրիով, հասնում Կապան՝ մոտավորապես 140-150 կմ»,- նշեց նա։
MediaHub-ի հարցին՝ եթե շտապ ու անհետաձգելի դեպք է լինում՝ կապված բնակիչների առողջության հետ, ինչպե՞ս են անում, Ղազարյանը պատասխանեց․
«Երեկ չէ, առաջին օրը գյուղում մարդ էր վատացել, Ճակատենում շտապ օգնության ծառայություն իրականացնող բրիգադն էր օգնություն ցուցաբերել»։
Նրա խոսքով՝ Ճակատենում հերթապահող շտապօգնության ծառայությունն արագ արձագանքում է Կապան-Ճակատեն ճանապարհի փակվելու պատճառով Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերի կանչերին։
Խիստ անհրաժեշտության դեպքում գյուղացիներն ամենագնացներով են հաղթահարում այլընտրանքային ճանապարհը, մինչև շինարարական աշխատանքները վերջնական կավարտվեն։
Ղազարյանը նաև հայտնեց, որ Սյունիքի հարցերով միջգերատեսչական խմբի ղեկավար, վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանն է համակարգում աշխատանքները։
«Վառելիքով են ապահովել մարդկանց, որ հարկ եղած դեպքում կարողանան Մեղրիով հասնել Կապան»,- ասաց է։
Ղազարյանը նշեց, որ հացի խնդիր չունեն, Ծավում հացի արտադրամաս է գործում, որն ապահովում է նորմալ մատակարարում:
Անի Մարտիրոսյան




















