Նազելի Բաղդասարյանն անցել է գործի, հրահանգել՝ հետևել մանկավարժների ֆեյսբուքյան վարքագծին․ «168.am»
- Nov 20, 2022
- 1 min read

Այսօր Հանրապետության մի շարք համայնքներում կկայանան Տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններ։
ՏԻՄ ղեկավարներ կընտրեն նաև Շիրակի մարզի Աշոցք, Ամասիա, Արթիկ, Ախուրյան և այլ համայնքներ։
Այս համատեքստում բավականին ուշագրավ տեղեկություններ են 168.am-ին հասել Շիրակի մարզից։
Նորանշանակ մարզպետ Նազելի Բաղդասարյանը երեկ իր մոտ է կանչել մարզպետարանի կրթության վարչության պետ Հրայր Կարապետյանին ու որոշ դպրոցների տնօրենների ու շատ խիստ կերպով հրահանգել աչալուրջ հետևել դպրոցների մանկավարժների այսպես կոչված ֆեյսբուքյան վարքագծին։
Մարզպետը տառացիորեն գոռգոռացել է ներկաների վրա ու սպառնացել, որ եթե ներկաների ենթակայության տակ գտնվող որևէ աշխատակից համարձակվի հավանել (լայքել) հակաիշխանական որևէ գրառում, էլ չենք խոսում այն մասին, եթե ինքը կատարի նման գրառում, «դուրս կշպրտենք դպրոցից»: Վերջինը Նազելի Բաղդասարյանի ձևակերպումն է։
Հետաքրքիր է, իսկ Նազելի Բաղդասարյանն արդյո՞ք արձակուրդ է վերցրել, որ ակտիվ քարոզարշավ է իրականացնում մարզում։
Մեզ պատմեցին` առավոտից երեկո Նազելի Բաղդասարյանը ՔՊ-ական թեկնածուների հետ շրջել է Ամասիայի, Աշոցքի և հատկապես Ախուրյանի և Արթիկի խոշորացված համայնքներում և աշխատանքային ժամերին քարոզ անում ընտրել իշխանական թեկնածուներին։




















