Ովքեր հեռացան Նիկոլ Փաշինյանի թիմից
- Nov 20, 2022
- 1 min read

Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման երեք տարիներին նրա թիմի մի շարք անդամներ, ովքեր գաղափարական ու սկզբունքային անհամաձայնություն հայտնեցին, դուրս եկան թիմից։ Վերջին աղմկահարույց դեպքը, որը մնացել է իշխող ուժի «կոկորդին», Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ՔՊ-ի հետ կապերը խզելն է։
Պատերազմից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունից դուրս եկան Վարդան Աթաբեկյանը, Գոռ Գևորգյանը, Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը, Աննա Գրիգորյանը, իսկ Գայանե Աբրահամյանը վայր դրեց մանդատը։ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո էլ երբեմնի իմքայլական պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը սկսեց բացահայտ դեմ արտահայտվել ու քննադատել ՔՊ-ին։
Իր դեմ հարուցված քրգործից հետո ՔՊ-ից հեռացավ նաև ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանը։ Կադաստրի կոմիտեի նախագահ Սարհատ Պետրոսյանը ևս պաշտոնի նշանակվելուց կարճ ժամանակ անց լքեց թիմը։ Փաշինյանի կառավարության օրոք Քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակված Վահագն Վերմիշյանն, ով այս պահին գտնվում է կալանավայրում, ևս լքել է թիմը։
Քայլականներին թիկունք են դարձրել նաև ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Ոստիկանության նախկին պետ Վալերիյ Օսիպյանը, ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը, «Իմ քայլը» հիմնադրամի նախկին տնօրեն Հովհաննես Ղազարյանը, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի նախկին տեղակալ Արամ Մանուկյանը, Երևանի ավագանու նախկին անդամ Գևորգ Աճեմյանը և Հայկ Հովհաննիսյանը, Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը, ինչպես նաև հեղափոխությունից հետո տարբեր պաշտոնների նշանակված Տիգրան Մազմանյանը, Կարպիս Փաշոյանը, Դավիթ Գրիգորյանը:
Դաշնակցական Իշխան Սաղաթելյանը, ով կարճ ժամանակ զբաղեցրեց Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը, նախկին Գյուղնախարար Արթուր Խաչատրյանը, Արմավիրի նախկին մարզպետ Գագիկ Միրիջանյանը և այլք։
Արմինե Նավոյան




















