top of page

Թուրքիան դեմ է Ղազախստանում ռուսական ազդեցության մեծացմանը

  • Nov 20, 2022
  • 2 min read


Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Անկարան պատրաստ է ցանկացած աջակցություն տրամադրել Ղազախստանին: Նշենք, որ Ղազախստանում հակակառավարական ցույցեր են ընթանում՝ ՀԱՊԿ-ը զորքեր է ուղարկել Ղազախստան՝ իրավիճակի կայունացման նպատակով:


Թյուրքախոս, նավթագազային ռեսուրսներով հարուստ Ղազախստանը Թուրքիայի համար գեոպոլիտիկ առանցքային նշանակություն ունի: Չմոռանանք, որ Թուրքիան իր արտաքին քաղաքականության մեջ առաջնորդվում է պանթուրքական, պանթուրանական, պանիսլամական ուղենիշներով և այս առումով Ղազախստանն այն պետությունն է, որի վրա հենվելով՝ Անկարան կարող է իր ազդեցությունը տարածել ողջ Կենտրոնական Ասիայում:


Թուրքիայի համար կարևոր է Տրանսկասպյան էներգետիկ-տրանսպորտային միջանցքը՝ Թուրքիա-Վրաստան-Ադրբեջան-Ղազախստան-Չինաստան ուղղությամբ: Թուրքիան տասնամյակներ շարունակ միլիարդավոր դոլարների ներդրումներ է իրականացրել Ղազախստանում, թուրքական դպրոցներ է բացել և ամեն ինչ արել է, որպեսզի Ղազախստանը լինի թուրքական ազդեցության գոտում:


Այժմ Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները կարող են հանգեցնել այդ երկրում ռուսական ազդեցության մեծացմանը, ինչը ձեռնտու չէ Թուրքիային: Ղազախստանը՝ ՀԱՊԿ-ի և ԵԱՏՄ-ի անդամ երկիր է, Ղազախստանում մեծ թիվ են կազմում ռուսները և ռուսախոս բնակչությունը, սակայն հակակառավարական ցույցերի արդյունքում Ղազախստանում առաջին անգամ ՀԱՊԿ-ի զորք է տեղակայվում, որի կորիզը կազմում են, իհարկե, ռուսական զորքերը:


Ապագայում հնարավոր է ռուսական ռազմաբազաներ տեղակայվեն Ղազախստանում՝ այդ թվում Կասպից ծովում ռազմածովային բազա, ինչն, իհարկե, Ղազախստանն ավելի մեծ կախվածության մեջ է դնելու Մոսկվայից, քան Անկարայից:


Պանթուրքական ծրագրերն ու Մեծ Թուրանի գաղափարը՝ ազգային անվտանգության սպառնալիք են ՌԴ-ի համար և Մոսկվան կարող է օգտագործել Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունները՝ այդ երկրում ռուսական ազդեցության մեծացման նպատակով: ՌԴ-ն չի կարող թույլ տալ, որպեսզի իր հարավային սահմանների երկայնքով ձևավորվի պանթուրքական, պանիսլամական պլացդարմ՝ տարբեր խմբավորումների համար, որոնց կարող է օգտագործել Արևմուտքը:


Ղազախստանն առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի օրոք վարում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն՝ ամրապնդելով կապերը ՌԴ-ի, Չինաստանի, Թուրքիայի և Արևմուտքի հետ: Ղազախստանի նավթագազային ոլորտում ներկայացված են նաև արևմտյան՝ անգլո-ամերիկյան ընկերություններ, իսկ Չինաստանը նավթ և գազ է ներկրում Ղազախստանից:


Այսպիսով, Ղազախստանում տեղի ունեցող հակակառավարական ցույցերն ու ներքաղաքական պայքարը կարող են ավարտվել Ղազախստանում ռուսական ազդեցության մեծացմամբ՝ թուրքական ազդեցության սահմանափակմամբ: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա Պեկինին ձեռնտու է, որպեսզի ռուսական զորքերն ապահովեն չինական ներդրումների անվտանգությունը Ղազախստանում և նավթագազային խողովակաշարերի անխափան աշխատանքը՝ Ղազախստան-Չինաստան ուղղության վրա:


Արևմուտքը սուր քննադատության է ենթարկում ՀԱՊԿ-ի մուտքը Ղազախստան՝ գիտակցելով, որ դա ի վերջո հանգեցնելու է այդ երկրում Մոսկվայի ազդեցության մեծացման:


Արտյոմ Բալասանով


 
 
1/3479
bottom of page