top of page

Թուրքիան և Ադրբեջանը որդեգրել են «Մեկ ազգ՝ մեկ պետություն» բանաձևը

  • Nov 20, 2022
  • 1 min read


2021թ.-ի տասն ամիսների ընթացքում Ադրբեջանի ֆիզիկական և իրավաբանական անձերը Թուրքիայում բացել են 194 ընկերություն: Ադրբեջանական կապիտալը տեղափոխվում է Թուրքիա՝ այդ գործընթացը նույնպես տեղավորվում է «Մեկ ազգ՝ երկու պետություն» բանաձևի մեջ, որն աստիճանաբար վերածվելու է «Մեկ ազգ՝ մեկ պետություն» բանաձևի, քանի որ Անկարան և Բաքուն ինտենսիվացրել են ինտեգրացիոն գործընթացները 44-օրյա պատերազմից հետո:


Թուրքիան միլիարդավոր դոլարների ներդրումներ է անում Ադրբեջանում՝ գնում է ադրբեջանական նավթն ու գազը: Իր հերթին, Ադրբեջանը խոշոր ներդրումներ է կատարում թուրքական տնտեսության մեջ՝տեղի է ունենում տնտեսական խորը ինտեգրացիա և դե-ֆակտո մեկ տնտեսության ձևավորում:


Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Թուրքիան կապված են երկաթգծով, ճանապարհներով, նավթագազային խողովակաշարերով: Օրերս Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Փաշինյան-Ալիև հանդիպման ընթացքում լուծվել է Արաքս գետի երկայնքով երկաթուղու և մայրուղու կառուցման հարցը։


Թուրք-ադրբեջանական լոգիստիկ ինտեգրացիան տեղի է ունենալու նաև Հայաստանի տարանցիկ հնարավորությունների հաշվին՝ Զանգեզուրի միջանցքն ի վերջո Անկարան և Բաքուն ցանկանում են կյանքի կոչել: Թուրքիան և Ադրբեջանը միմյանց են կապվելու ոչ միայն Վրաստանի տարածքով՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղով, այլ նաև Հայաստանի տարածքով՝ Սյունիքով:


Թուրքիան ակտիվորեն զինել և պատրաստել է ադրբեջանական բանակը՝ արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում թուրքական ԳՇ-ն աջակցել է ադրբեջանական զինուժին: Ադրբեջանի բանակն այսօր դե-ֆակտո թուրքական բանակի ստորաբաժանումներից մեկն է: Թուրքիան և Ադրբեջանը խորացնելով կապերը ռազմական, քաղաքական, տնտեսական, էներգետիկ առումներով ցանկանում են պանթուրքական դաշինքի մեջ ներքաշել նաև Կենտրոնական Ասիայի թյուրքախոս երկրներին՝ Ղազախստանին, Ղրղզստանին, Ուզբեքստանին, Թուրքմենստանին:


Պատահական չէ, որ վերջերս Թյուրքական խորհուրդը փոխել է իր անվանումը՝ վերածվելով Թյուրքական պետությունների կազմակերպության: Անկարան թյուրքական աշխարհի միավորումը բարձրացնում է որակական նոր մակարդակի՝ դա պետք է լուրջ ահազանգ լինի նաև Իրանի և ՌԴ-ի համար, որոնք ունեն թյուրքախոս շրջաններ:


Հետխորհրդային թյուրքախոս երկրներին միավորելուց հետո Անկարան հայացքն ուղղելու է արդեն իր գեոպոլիտիկ մրցակիցների՝ ՌԴ-ի և Իրանի տարածքների կողմ: Ռուսական և իրանական պետականությունների թուլացման առումով Արևմուտքի և Թուրքիայի շահերը համընկնում են:


Արտյոմ Բալասանով

 
 
1/3479
bottom of page