top of page

Հայաստանը չպետք է մեծացնի տնտեսական կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից

  • Nov 20, 2022
  • 2 min read


Կոմունիկացիաների ապաշրջափակումը կարևոր է Հայաստանի համար՝ տնտեսական, քաղաքական առումներով, սակայն պետք է հաշվարկվեն բոլոր ռիսկերը: Թուրք-ադրբեջանական տանդեմը 30 տարի շարունակ փակ է պահել հայ-թուրքական և հայ-ադրբեջանական սահմանները՝ Հայաստանը հայաթափելու, արտագաղթը խրախուսելու և հայկական տնտեսությունը խեղդելու համար:


Եթե Հարավային Կովկասի կոմունիկացիաները բացվեն՝ գործարկվի Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթգիծը, ապա Հայաստանը տնտեսական և քաղաքական կախվածության մեջ է ընկնելու Ադրբեջանից, քանի որ այդ երկաթգիծն անցնելու է Նախիջևանով: Հայաստանի կենսական շահերից է բխում բարեկամ Իրանի հետ երկաթգծային հաղորդակցություն ստեղծելը, սակայն Հայաստան-Իրան երկաթգծային կապը հաստատվելու է Նախիջևանի տարածքով, որը կարող է ցանկացած պահի արգելափակվել՝տարբեր պատրվակներով, Բաքվի կողմից: Բաքուն հսկողություն է սահմանում Իրան-Հայաստան տնտեսական կապերի նկատմամբ:


Դրան զուգահեռ, Ադրբեջանի տարածքով Հայաստանը կապ է հաստատում նաև ՌԴ-ի հետ, սակայն դա կրկին բերում է Հայաստանի քաղաքական, տնտեսական մեծ կախվածության Ադրբեջանից, քանի որ Ադրբեջանը Հայաստանի համար դառնում է տարանցիկ երկիր: Թուրքիան և Ադրբեջանը միմյանց հետ կապ են հաստատելու Սյունիքի տարածքով, սակայն եթե Հայաստանն արգելափակի այդ միջանցքը, ապա Թուրքիան և Ադրբեջանը դրանից շատ չեն տուժելու, քանի որ նրանք կապ են պահպանելու Կարս-Թբիլիսի-Բաքու երկաթգծի, Ադրբեջան-Վրաստան-Թուրքիա ավտոմոբիլային ճանապարհի միջոցով: Անկարան և Բաքուն Զանգեզուրի միջանցքի գործունեության խափանումը կարող են դիտարկել որպես casus belli և ռազմական միջոցներով փորձեն հասնել այդ միջանցքի նկատմամբ հսկողության՝ սահմանը կամ արցախյան ճակատն ապակայունացնելով՝ ստիպեն Երևանին՝ բաց պահել Զանգեզուրի միջանցքը:


Թուրքիայի և Ադրբեջանի շուկաներում հայկական արտադրանքը կարող է դրվել անհավասար պայմանների մեջ՝ տարբեր տնտեսական, քաղաքական լծակների միջոցով թուրքերն ու ադրբեջանցիները կարող են ուղղակի բոյկոտել և չգնել հայկական արտադրանք:


Հայ-թուրքական սահմանի բացման պարագայում Հայաստանում թուրքական կապիտալի ներհոսք է տեղի ունենալու, և եթե պետությունը չպաշտպանի տեղական արտադրողին, գյուղատնտեսությունը, թեթև արդյունաբերությունն ու մի շարք այլ ոլորտներ կարող են ուղղակի չդիմանալ թուրքական էժան ապրանքների հոսքին, արդյունքում՝ փակվելու են աշխատատեղեր և նոր թափ կհավաքի արդեն միջին խավի արտագաղթը Հայաստանից:


Հայաստանը՝ Վրաստանի տարածքով կապ է պահպանում ՌԴ-ի հետ, իսկ Սյունիքում անվտանգ ճանապարհների կառուցման պարագայում, որոնք չեն հսկվի Ադրբեջանի կողմից, Հայաստանը կապ է պահպանելու Իրանի հետ՝ կյանքի կոչելով Պարսից ծոց-Սև ծով էներգետիկ-տրանսպորտային միջանցքը:


Հայաստանի համար կարևոր է կոմունիկացիաների ապաշրջափակումը, սակայն դա չպետք է արվի ազգային, պետական շահերի՝ արցախյան ճակատում միակողմանի զիջումների հաշվին, ինչպես նաև՝ Հայաստանը չպետք է մեծացնի իր տնտեսական կախվածությունը Թուրքիայից և Ադրբեջանից: Այդ տնտեսական կախվածությունն ապագայում վերածվելու է քաղաքական կախվածության՝ դրանից բխող բոլոր բացասական հետևանքներով:


Արտյոմ Բալասանով

 
 
1/3479
bottom of page