Հայաստանն երկարաժամկետ տարանցիկ միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ կտրամադրի ԱՄՆ-ին․ Reuters
- Lilit

- Aug 7
- 2 min read

Երբ ուրբաթ օրը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը հյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին՝ հանդիպումը կավարտվի շրջանակային փաստաթղթի ստորագրմամբ, որը ներառում է Միացյալ Նահանգներին Հարավային Կովկասով անցնող ռազմավարական տարանցիկ միջանցքի զարգացման բացառիկ իրավունքի տրամադրումը, Reuters-ին հայտնել են ամերիկյան պաշտոնյաները։
Խաղաղության համաձայնագիրը կարող է վերափոխել Հարավային Կովկասը՝ էներգակիրներ արտադրող մի տարածաշրջան, որը գտնվում է Ռուսաստանի, Եվրոպայի, Թուրքիայի և Իրանի միջև։ Այդտեղով անցնում են նավթի և գազի խողովակաշարեր, սակայն այն տառապում է փակ սահմաններից և երկարատև էթնիկ հակամարտություններից։
ԱՄՆ պաշտոնյաները անանուն մնալու պայմանով հայտնել են, որ Թրամփի հետ հանդիպմանը և ստորագրման արարողությանը կմասնակցեն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրանց խոսքով՝ կստորագրվի շրջանակային փաստաթուղթ, որն ուղղված կլինի «խաղաղության կոնկրետ ուղու» հասնելուն և երկարատև տարանցիկ խնդիրը լուծելուն։
Ադրբեջանը ձգտում է ստեղծել Հայաստանի տարածքով անցնող տրանսպորտային միջանցք, որը երկրի հիմնական մասը կարող է միացնել Նախիջևանի էքսկլավին, որը սահմանակից է Բաքվի դաշնակից Թուրքիային։
Համաձայն փաստաթղթի մանրակրկիտ համաձայնեցված այն հատվածի, որը ղեկավարները ստորագրելու են ուրբաթ օրը՝ Հայաստանը ԱՄՆ-ին երկարաժամկետ հիմունքներով տարանցիկ միջանցքի զարգացման բացառիկ իրավունքներ կտրամադրի։ Այդ երթուղին կկոչվի «Trump Route for International Peace and Prosperity» («Թրամփի ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար»), կրճատ՝ TRIPP, հայտնել են պաշտոնյաները։
Երթուղին կգործի հայկական օրենսդրությամբ, իսկ Միացյալ Նահանգները հողը ենթավարձակալությամբ կհանձնեն կոնսորցիումին՝ ենթակառուցվածքներ կառուցելու և դրանք կառավարելու համար։
«Այս քայլը առևտրային մեխանիզմների միջոցով կբացահայտի տարածաշրջանի ներուժը և կօգնի խուսափել նոր ռազմական գործողություններից», - նշել է պաշտոնյաներից մեկը։
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները նաև փաստաթղթեր կստորագրեն՝ դիմելով լուծարել Մինսկի խումբը, որը 1992 թվականից Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջնորդությամբ զբաղվում է ղարաբաղյան հակամարտության կարգավորմամբ։
Հայ-ադրբեջանական հարցում առաջընթացը սկսվել է մարտին, երբ ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը այցելել է տարածաշրջան։ Նրա թիմի անդամները հետագայում նույնպես մի քանի այց են կատարել՝ համաձայնագրին աջակցելու համար։
Ամերիկացի պաշտոնյաների կարծիքով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությունը կարող է նախապայման լինել Ադրբեջանի՝ «Աբրահամյան համաձայնագրերին» անդամակցելու համար։ Այն հարաբերությունների կարգավորման պայմանագրերի շարք է Իսրայելի և չորս մահմեդական երկրների միջև, որոնք Թրամփը կնքել է իր նախագահության առաջին ժամկետում։
Սպիտակ տանը կայանալիք գագաթնաժողովը տեղի կունենա նույն օրը, որը Թրամփն ավելի վաղ նշել է որպես Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի համար վերջնաժամկետ։ Այդ օրը նա կա՛մ պետք է համաձայնի դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայում, կա՛մ պետք է բախվի նոր տնտեսական պատժամիջոցների։




















