top of page

Ադրբեջանը հերքում է, որ Բաքվում պահվող հայ գերիները խոշտանգվում են

  • 1 day ago
  • 1 min read

Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան հերքել է Հայաստանում հնչած պնդումները, թե Ադրբեջանում պահվող հայերը ենթարկվում են կրոնական խտրականության և խոշտանգումների։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։



Ալիևի խոսքով՝ նման մեղադրանքները հաստատող «որևէ հավաստի ապացույց չի ներկայացվել»։



Ադրբեջանի օմբուդսմենը պնդել է, որ իր գրասենյակի իրականացրած մոնիթորինգի ընթացքում արձանագրվել է, որ կալանավորված անձանց իրավունքներն ապահովվում են միջազգային չափանիշներին համապատասխան, իսկ նրանք հասանելիություն ունեն բժշկական օգնության և այլ ծառայությունների։



Նա նաև հայտարարել է, որ նման մեղադրանքները, իր գնահատմամբ, նպատակ ունեն մոլորեցնել հասարակական կարծիքը, կրոնական հակամարտություններ առաջացնել և վնասել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։



Հիշեցնենք, սակայն, որ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը նախկինում հայտարարել է Բաքվում պահվող հայերի նկատմամբ կրոնական խորհրդանիշների հետ կապված թիրախավորված գործողությունների մասին։



«Մենք տեսել ենք թիրախավորված գործողություններ կրոնական խորհրդանիշների առնչությամբ, որոնք նաև միջազգային զեկույցներում արձանագրված փաստ են։ Խաչ դաջվածքների պարագայում դրանք այրվել են, մաշկի վրայից խոշտանգման ճանապարհով վերացվել, կամ՝ թեև որոշ սահմանափակ գրքեր տրամադրվել են հայ բանտարկյալներին, սակայն արգելված է Աստվածաշնչի փոխանցումը, եղել են դեպքեր, երբ հարկադրել են ընթերցել Ղուրան»,- հայտարարել էր Սահակյանը։



Նա նաև հայտնել էր, որ հայրենադարձված բազմաթիվ հայ գերիներ պատմել են հարկադրանքի և խոշտանգումների մասին։ Սահակյանի խոսքով՝ եղել են դեպքեր, երբ կյանքի սպառնալիքների ներքո նրանց ստիպել են ստորագրել փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանել իրենց ունեցած տեղեկություններին։



Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ևս տարիներ շարունակ բարձրաձայնում են Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ խնդիրների մասին։ Human Rights Watch-ի 2026 թվականի զեկույցում նշվում է, որ երկրում մարդու իրավունքների վիճակը շարունակել է վատթարանալ՝ իշխանությունների կողմից անկախ լրատվամիջոցների, քաղաքական ընդդիմախոսների և քաղաքացիական հասարակության նկատմամբ ճնշումների ուժեղացման պայմաններում։

bottom of page