Զախարովայի կոշտ մեսիջը Հայաստանին․ որտեղից են նրանք ստացել իրենց մեթոդական ցուցումները

Որոշ լրագրողների պնդումները, թե Հայաստանում Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հետագա շահագործումն իբր վտանգ է ներկայացնում տարածաշրջանի համար, տարակուսանք են առաջացնում։ «Ռոսատոմը» պատասխանատվությամբ է մոտենում իր պարտավորությունների կատարմանը, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Հաշվի առնելով, որ Մեծամորի ատոմային էլեկտրակայանի հիմնական գործընկերը «Ռոսատոմ» պետական կորպորացիան է, որը միշտ պատասխանատվությամբ է մոտենում իր պարտավորությունների կատարմանը, առանձին լրագրողների ներկայացրած դժգոհությունները, բացի տարակուսանքից, այլ բան չեն առաջացնում, քան հարցեր, թե որտեղից են նրանք ստացել իրենց մեթոդական ցուցումները», - ասել է Զախարովան՝ մեկնաբանելով լրատվամիջոցներում հայտնված հրապարակումները, որոնցում կասկածի տակ է դրվում ատոմակայանի անվտանգությունը։
Նա նշել է, որ լրատվամիջոցներում նման հրապարակումները պայմանավորված են ինչ-որ մեկի՝ ատոմային էներգետիկայի ոլորտում ռուս-հայկական նախագծին վնաս հասցնելու ցանկությամբ։
Հայաստանում գործում է մեկ ատոմային էլեկտրակայան՝ երկու էներգաբլոկով, որոնք կառուցված են սեյսմակայուն, ջրաջրային էներգետիկ ռեակտորների հիման վրա և շահագործման են հանձնվել համապատասխանաբար 1976 և 1980 թվականներին։
Ատոմակայանի աշխատանքը դադարեցվել է 1989 թվականի մարտին՝ Սպիտակի երկրաշարժից հետո, սակայն երկրորդ էներգաբլոկը կրկին շահագործման է հանձնվել 1995 թվականի նոյեմբերին։
«Ռոսատոմի» աջակցությամբ 2021 թվականին ավարտվել է երկրորդ էներգաբլոկի արդիականացումը։




















