Եկեղեցին գույքահարկ վճարո՞ւմ է. պարզաբանում է Կադաստրի կոմիտեի ղեկավարը
- Lilit

- Oct 28
- 1 min read

Հովհաննավանքի պատարագին ինքս մասնակցել եմ և շատ նորմալ եմ դրան վերաբերվում, լրագրողների հետ զրուցյում ասաց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։
«Եթե գոյություն ունեն կարգեր, օրենքներ, բոլորս ենք պարտավոր հետևել դրանց, այդ թվում և պետական պաշտոնյաները, ինչպես նաև՝ եկեղեցականները։ Տվյալ քահանան (կարգալույծ Ստեփան Ասատրյան) իր պարտականություններն էր այնտեղ կատարում, մատուցեց շատ հագեցած ծառայություն, որին մենք մասնակցեցինք և նրան դրա համար շնորհակալ ենք։ Բոլոր կիրակիներին չէ, որ մասնակցում եմ պատարագներին, բայց հաճախ այցելում եմ այն եկեղեցին, որի մոտ բնակվում եմ»,-հավելեց նա։
Նաև նշեց, որ ինչ-որ մեկի կոչով չէ, որ մասնակցել է պատարգին։ Դա եղել է իր ցանկությամբ ու կամքով։
Թովմասյանը դեռ չգիտի՝ այս կիրակի դարձյալ կմասնակցի՞ Հովհաննավանքի «պատարագին», թե՞ ոչ, քանի որ պլանները դեռ մշակված չեն։
Նա դա անարգանք չի համարում եկեղեցու նկատմամբ։
Անդրադառնալով եկեղեցիների հողի սեփականության իրավունքին՝ նշեց.«Խորհրդային Միության փլուզումից հետո հողի սեփականատեր հանդիսացել է բացառապես ՀՀ-ն։ Դրանից հետո համապատասխան օրենքներով տրվել են իրավունքներ այդ թվում և մեզ՝ բոլորիս, որոնք ստացել են գյուղատնտեսական, տնամերձ հողամասեր։ Այո՛, ՀՀ-ում գտնվող հողերը եղել են պետության սեփականությունը և ՀՀ կառավարությունն է որոշել, թե հողերի բաշխումն ինչպես պետք է տեղի ունենա»։
Հարցին՝ օրինակ, Հովհաննավանքի սեփականությունն ո՞ւմն է պատկանում՝ եկեղեցո՞ւն, թե՞ պետությանը՝ Թովմասյանը պատասխանեց, որ չի հիշում, թե ինչ իրավունքով է փոխանցված եկեղեցուն.«Եթե ձեզ հետաքրքրում է, կարող եմ ճշտել և ասել»։
Իսկ թե եկեղեցին հարո՞ւստ կառույց է հողերի, սեփականությունների մասով՝ պաշտոնյան պատասխանեց.«Բավականին, եթե չեմ սխալվում՝ 600-700 անուն անշարժ գույք կա»։
Թովմասյանը նաև հավելեց, որ, ըստ օրենսդրության, առկա են եկեղեցապատկան այնպիսի օբյեկտներ, որոնք ազտված են գույքահարկից և հողի հարկից, բայց կան այնպիսի գույքեր, որոնց համար վճարվում է գույքահարկ։




















