Աշխատանքային պայմանագրերի՝ թղթային տարբերակով կնքումը կպահպանվի մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը
- 3 hours ago
- 1 min read

Ազգային ժողովի՝ փետրվարի 13-ի արտահերթ նիստին երկրորդ ընթերցմամբ քննարկվեց, ապա նաև ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը:
Նշենք, որ առաջարկվող փոփոխությունը վերաբերում է նախկինում ընդունված մի որոշմանը, որով սահմանվել էր, որ 2026 թ. հունվարի 1-ից աշխատանքային պայմանագրերի կնքումը, դադարումը և փոփոխումն իրականացվելու են բացառապես թվային համակարգով:
Ըստ հիմնական զեկուցող, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանի՝ շատ քաղաքացիներ ժամանակին ձեռք չեն բերել նույնականացման քարտեր, առանց որոնց հնարավոր չէ ակտիվացնել էլեկտրոնային ստորագրություն, և հաշվի առնելով այն հանգամանքը, որ դեռևս ոչ բոլորն ունեն նույնականացման քարտեր, որոշվել է թույլ տալ շարունակելու թղթային տարբերակով աշխատանքային պայմանագրեր կնքելը, մինչև բոլոր քաղաքացիները կունենան նույնականացման քարտեր:
Նախագծի առաջին ընթերցման ժամանակ առաջարկվել էր աշխատանքային պայմանագրերի կնքումը, փոփոխումը և լուծումը թվային համակարգով իրականացնել 2027 թվականի հունվարի 1-ից: Իսկ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ առաջարկվել է 2027 թվականի հունվարի 1-ը դարձնել 2027 թվականի հուլիսի 1:
Ազգային ժողովը 59 կողմ, 0 դեմ, 1 ձեռնպահ ձայներով երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծը:




















