Ի՞նչ է կատարվում Կիևյան կամրջի վրա՝ շինաշխատանքները կանգնեցվա՞ծ են
- 10 hours ago
- 2 min read

Հունիսի 17-ից Երևանի կենտրոնական փողոցներում երթևեկությունը էլ ավելի է կաթվածահար եղել, քանի որ վերանորոգման պատճառով փակված Կիևյան կամուրջը առժամանակ դադարել է կապող օղակ լինել քաղաքի տարբեր հատվածների համար, և մեքենաները զարտուղի ճանապարհներով են սլանում՝ ծանրաբեռնելով առանց այն էլ խցանումների զոհ դարձող փողոցները և պողոտաները։ Ակնկալվում է, որ օգոստոսի 29-ից հետո այդ փողոցները կբեռնաթափվեն, քանի որ նախապես հայտարարվել է, որ արդեն սեպտեմբերին Հրազդանի մեծ կամուրջը պատրաստ կլինի վերաշահագործման համար։
Երևանցինրը այս օրերին ստիպված են մի շարք անհարմարությունների հետ համակերպվել՝ կապված տևական խցանումների, անանցանելի փողոցների, փողոցային աղմուկի, աշխատանքից կամ ժամադրավայրից ուշացումների հետ։ Եվ նրանք հիմա ուշիուշով հետևում են կամրջի վերանորոգման աշխատանքներին, անհանգստանում, որ խոստացված ժամկետում այն կարող է չավարտվել և ավելի մեծ խնդիրներ առաջացնել ուսումնական նոր տարվանն ընդառաջ։ Շատերը թերահավատ են և ժամանակ առ ժամանակ սոցիալական ցանցերում տեսանյութեր են տեղադրում Կիևյան կամրջից՝ արձանագրելով, որ շինաշխատանքներն այնպիսի ինտենսիվությամբ չեն ընթանում, ինչպես որ ակնկալվում է։ Նրանց համոզմամբ՝ շինաշխատանքները պետք է ընթանան հերթափոխով՝ 24 ժամ, շաբաթը յոթ օր, որպեսզի հնարավորինս արագ, ի վերջո, քիչ թե շատ կարգավորվի մայրաքաղաքի երթևեկությունը։ Կամրջի մոտակա շենքերի բնակիչների պնդմամբ՝ իրենք ևս շինարարական եռուզեռ և աշխուժություն առանձնապես չեն նկատում։
Այնինչ հարցմանն ի պատասխան՝ Կիևյան կամրջի հիմնանորոգմամբ զբաղվող «Պրետոր» շինարարական ընկերության մարկետոլոգ Անի Կեսոյանը հավաստիացրեց, որ ընկերությունը հունիսի 17-ից աշխատում է ողջ ծավալով և շինարարական ու հիմնանորոգման աշխատանքները կազմակերպվում են երկու հերթափոխով՝ շաբաթը 7 օր, առավոտյան 08:00-ից մինչև 20:00-ն։
Անի Կեոսյանը հավելեց, որ «աշխատանքներն իրականացվում են նախատեսվածից ավելի մեծ արագությամբ, մասնավորապես՝ առաջին տասնօրյակում ընկերությունն արդեն հասցրել է շինարարական հրապարակի ճարտարագիտական հարդարում կատարել, քանդել կամրջի, մայթերի և մոտեցումների ասֆալտբետոնե շերտը և հեռացնել շինհրապարակից, իրականացնել դեֆորմացիոն կարերի երկաթբետոնի և անկյունակների, կոմպենսատորների ապամոնտաժում, կամրջի և մոտեցումների անվահրիչների ապամոնտաժում, էլեկտրական սյուների էլեկտրամատակարարման մալուխների ապամոնտաժում և մոնտաժում, արգելապատնեշի խողովակների ապամոնտաժում, նոր անվահրիչների ամրանավորում, ջրահեռացման համար նոր անցքերի հորատում, հետիոտնի համար թողնված մայթի ասֆալտի շերտի քանդում և այլ աշխատանքներ։
Այսինքն՝ հիմնանորոգման և վերանորոգման աշխատանքները կանգնած չեն և քաղաքացիների կողմից արձանագրված թվացյալ պարապուրդը, ըստ մարկետոլոգի, հնարավոր է պայմանավորված լինի հերթափոխի փոխանցումով կամ տեխնիկական խնդիրների քննարկումով։
«Աշխատանքային օրվա մեկնարկին հնարավոր է լինեն 10–15 րոպեանոց կազմակերպչական գործընթացներ՝ կապված հերթափոխերի փոխանցման, տեխնիկայի նախապատրաստման և անվտանգության հրահանգավորման հետ։ Այդ ժամանակը լիովին փոխհատուցվում է աշխատանքային օրվա ավարտին՝ երկարացված աշխատանքով և որևէ ազդեցություն չի ունենում ընդհանուր արտադրողականության վրա։ Մեր թիմը հետևողականորեն կատարում և հաճախ նույնիսկ գերակատարում է օրական նախատեսված աշխատանքների ծավալը՝ մայրաքաղաքի համար ստեղծված ենթակառուցվածքային բարդությունների լիարժեք գիտակցմամբ։ Մեր առաջնահերթություններն են ոչ միայն աշխատանքի ժամկետների կրճատումը, այլ նաև դրանց բարձր որակի ապահովումն ու բոլոր տեխնիկական ու անվտանգային պահանջների համապատասխանությունը»,- պարզաբանեց Անի Կեսոյանը՝ հույս հայտնելով, որ Կիևյան կամրջի հիմնանորոգումը ժամանակին, և հնարավորության դեպքում՝ նույնիսկ սահմանված ժամկետից շուտ կիրականացնեն»,- նշեց նա։




















