Վեդիում դեռահաս քույրերի գործով մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով
- 58 minutes ago
- 1 min read

Վեդիում դեռահաս քույրերի նկատմամբ սեռական բռնություն կատարելու մեջ մեղադրվող տղամարդկանց կալանքը երկարաձգվել է ևս 2 ամսով։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է քույրերի փաստաբան Վարդուհի Էլբակյանը։
Փաստաբանի խոսքով՝ քրեական վարույթը նախաքննության ավարտական փուլում է։
Քննչական կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ փետրվարի 12-ին անչափահաս քույրերի հայրը հաղորդում է ներկայացրել՝ նշելով, որ Վ.Ե.-ն, օգտվելով իր դստեր անօգնական վիճակից, կատարել է անառակաբարո գործողություն։
Ապրիլի 22-ին, անչափահաս քույրերից մեկը հաղորդում է ներկայացրել՝ նշելով, որ Արթուր անունով տղամարդն իրեն մեքենայով տարել է այլ վայր և սեռական հարաբերություն ունեցել իր հետ։
Քննչական կոմիտեն հայտնել էր, որ նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք գործողություններ՝ նշանակվել է դատահոգեբուժական-դատահոգեբանական համալիր փորձաքննություն, հարցաքննվել են անչափահասների ընտանիքի անդամները, մանկավարժները և մատնանշված այլ անձինք։
Լրագրող Սյուզի Բադոյանի հրապարակումներից հետո իրավապահները, ըստ ավելի վաղ տարածված տեղեկությունների, ձերբակալել և ապա կալանավորել էին 58 և 65 տարեկան տղամարդկանց։




















