top of page

Ժամկետանց միս, մանկական կեր ու դեղեր․ լայնածավալ ստուգումներ՝ Երևանի սուպերմարկետներում

  • 1 hour ago
  • 2 min read

Ժամկետանց մսամթերք, մանկական կերեր, դեղորայք, անգամ տնտեսական ապրանքներ։ ԶրույցումԵրևանի քաղաքապետարանի Հասարակական կարգի պահպանության ծառայությունն պետ Ավետիք Բաբայանի խոսքով՝ այս տարվա ընթացքում ինտենսիվ ստուգումներ է իրականացնում մայրաքաղաքի խոշոր սուպերմարկետներում, առևտրային ցանցերում, ինչպես նաև առանձին խանութներում։ Ծառայության տվյալներով՝ ստուգված գրեթե բոլոր առևտրի կետերում խախտումներ են արձանագրվել։


Ծառայության պետ Ավետիք Բաբայանի խոսքով՝ ստուգումների մասին տնտեսվարողներին նախապես չեն տեղեկացնում, որպեսզի նրանք չհասցնեն պատրաստվել։




«Ոչ մի տնտեսվարող նախապես չի տեղեկացվում։ Մեր ամբողջ անձնակազմը միաժամանակ մտնում է տվյալ խանութ և ամբողջությամբ ստուգում վաճառվող բոլոր ապրանքները»։



Բաբայանի խոսքով՝ մինչ օրս չի եղել որևէ սուպերմարկետ, որտեղ ստուգման ընթացքում ժամկետանց ապրանք չհայտնաբերվի։ Հատկապես ամռան ամիսներին ուշադրության կենտրոնում են արագ փչացող մթերքները։




«Ամենավտանգավորը նրբերշիկն ու երշիկեղենն են։ Այս եղանակին թունավորման ռիսկն ավելի մեծ է, դրա համար հենց այդ ապրանքներն են մեր ուշադրության կենտրոնում։ Ստուգումների ընթացքում անհրաժեշտության դեպքում տեղում ստուգվում է նաև մսամթերքի որակը։ Լինում են դեպքեր, երբ միսը նույնիսկ կտրում ենք, տեսնում ենք՝ գույնը փոխված է, ակնհայտ երևում է, որ խնդիր կա»։



Ավետիք Բաբայանի պնդմամբ՝ վերահսկողությունը չի սահմանափակվում միայն սննդամթերքով։ Ստուգվում են նաև դեղատները, որտեղ արձանագրվել են ժամկետանց մանկական կերերի և որոշ ժամկետանց դեղորայքի վաճառքի դեպքեր։

 



Վերահսկողության տակ են նաև տնտեսական ապրանքներն ու խանութներում վաճառվող մյուս բոլոր ապրանքատեսակները։




«Իսկ եթե որևէ տնտեսվարողի փորձի փոխել ժամկետանց ապրանքի պիտակը և այն ներկայացնի որպես թարմ, քաղաքապետարանում վստահեցնում են՝  չի հաջողվի։ Ստուգումների ընթացքում կիրառվում են հատուկ սարքավորումներ, որոնք հնարավորություն են տալիս գնահատել արտադրանքի վիճակը։ Հասարակական կարգի պահպանության ծառայությունը քաղաքացիներին ևս կոչ ենք անում ներգրավվել վերահսկողության գործընթացում։ Եթե որևէ խանութում  քաղաքացին նկատի  ժամկետանց ապրանք,  կարող է տեղեկացնել այդ մասին Երևանի քաղաքապետարանի «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։ Քաղաքապետարանը վստահեցնում է՝ ստուգումները շարունակական են լինելու, բոլոր խանութներում, իսկ նպատակը ոչ թե տնտեսվարողներին տուգանելն է, այլ քաղաքացիների առողջությունը պաշտպանելը և ժամկետանց ապրանքների վաճառքը կանխելը։




Մեզ համար տարբերություն չկա, թե որ սուպերմարկետն է։ Եթե քաղաքացին տեղեկացնում է, մենք պարտադիր գնում ենք և ստուգում ենք տվյալ խանութը»։ Մեր նպատակը մարդկանց տուգանելը չէ։ Մեր նպատակը մեկն է՝ Երևանում ժամկետանց ապրանք պարզապես չվաճառվի»,- ասում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Ավետիք Բաբայանը։




Մասնագետները քաղաքացիներին խորհուրդ են տալիս գնումներ կատարելիս անպայման ստուգել ապրանքի ժամկետը, պահպանման պայմանները, իսկ կասկածելի դեպքերի մասին տեղեկացնել Երևանի քաղաքապետարանին՝ «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով։

1/3490
bottom of page