Եթե դուք իսկապես խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք կտրականապես դեմ «Առաջարկ Հայաստանին» հարթակի շրջանակում առաջարկվող երաշխավորված խաղաղության հայեցակարգին․ Աբովյանը՝ ՔՊ-ին
- 10 minutes ago
- 1 min read

Եթե դուք իսկապես խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք կտրականապես դեմ «Առաջարկ Հայաստանին» հարթակի շրջանակում առաջարկվող երաշխավորված խաղաղության հայեցակարգին։
Գրել է ԲՀԿ քաղխորհրդի անդամ Արման Աբովյանը՝ դիմելով քպ-ականներին։
«Լոգիկան և հիշողությունը փոխկապակցված երևույթներ են, և այս որակների բացակայությունը մարդու մոտ հանգեցնում է բավական տարօրինակ փոխակերպումների։
Օրինակ՝ նույն Նիկոլ Փաշինյանը հանկարծ սկսեց խոսել "Բարգավաճ Հայաստան" կուսակցության նախընտրական ցուցակի «երկրորդ համարի» մասին (այսինքն՝ Անդրանիկ Թևանյանի) և պնդել, թե հենց այդ փաստն է իբր ցույց տալիս, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատերազմի կուսակցություն է։
Թարմացնենք Փաշինյանի և նրա կողմնակիցների հիշողությունը։ Ուշադիր նայեք ձեր կուսակցության և ձեր ընտրական ցուցակի առաջին դեմքերին և բարձրաձայն ասեք՝ ով որ կուսակցությունից է եկել և որտեղից է հայտնվել այսպես կոչված "կարկառուն հեղափոխականների" շարքերում, և միայն դրանից հետո խոսեք այլ կուսակցությունների «երկրորդ համարների» մասին։
Եվ վերջում՝ մի փոքր էլ «թարմացնենք » թավշիստների տրամաբանությունը։
Կուսակցության ղեկավարը, որի կառավարման ընթացքում Հայաստանը պարտություն կրեց պատերազմում, կորցրեց Արցախը, դարձավ հազարավոր լուսավոր տղաների զոհվելու պատճառ, և իր վարած քաղաքականությամբ անում է ամեն ինչ, որպեսզի նույն Ադրբեջանը ցանկացած պահի անարգել հարվածի Հայաստանին, հիմա խոսում է այն մասին, թե իբր ինքն է բերել խաղաղություն, իսկ մյուսները (մասնավորապես «Բարգավաճ Հայաստանը») բերում են պատերազմ։
Սա կատակ չէ, սա արտահայտվում էր սրանց կողմից դեմքի լուրջ արտահայտությամբ։
Բայց մի րոպե...եթե դուք իսկապես խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք կտրականապես դեմ «Առաջարկ Հայաստանին» հարթակի շրջանակում առաջարկվող երաշխավորված խաղաղության հայեցակարգին։
Խնդրում եմ պատասխանեք, մի՛ ամաչեք»։




















