ԵԽ պատգամավորները կոչ են արել աջակցել ԼՂ հայկական ժառանգության օբյեկտների վրա տեսախցիկների տեղադրման հարցում
- Lilit

- Mar 17, 2024
- 1 min read

Եվրոպական Խորհրդարանի մի խումբ պատգամավորներ կոչ են արել ԵՄ առաջնորդներին ապահովել, որ ԵՄ-ն ակտիվ քայլեր ձեռնարկի Լեռնային Ղարաբաղում հայկական մշակութաին և կրոնական ժառանգության պաշտպանության ուղղությամբ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Եվրախորհրդարանի պատգամավոր Միրիամ Լեքսմանը X-ի իր պաշտոնական էջում գրառում է կատարել՝ կցելով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելին, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենին և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտ Մեցոլային հասցեգրված ծավալուն նամակի բավանդակությունը:

«Մենք՝ Եվրոպական խորհրդարանի ներքոստորագրյալ անդամներս, անհանգստացած ենք, որ Լեռնային Ղարաբաղում հազարամյա հայկական մշակութային և կրոնական ժառանգությունը գտնվում է ոչնչացման, պղծման և յուրացման անմիջական սպառնալիքի ներքո՝ միջազգային իրավունքի և ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի իրավաբանորեն պարտադիր որոշման խիստ խախտմամբ: Այդ օբյեկտները մեր Եվրոպական ժառանգության կարևոր մասն են կազմում, և մեր պարտքն է ապահովել դրանց պահպանությունը։
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ավերվել են հայկական մշակութային և կրոնական ժառանգության խորհրդանշական օբյեկտները, այդ թվում՝ եկեղեցիներ, հուշարձաններ, խաչքարեր, գերեզմանատներ, արձաններ՝ օտարվել, իսկ հայկական արձանագրությունները՝ ջնջվել են հայկական եկեղեցիների և տապանաքարերի պատերից»,- նշված է նամակում:




















