top of page

Ադրբեջանը հասել է իր նպատակներին և շարունակելու է հասնել դրանց, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության. Վարդան Օսկանյան

  • Writer: Lilit
    Lilit
  • 9 hours ago
  • 1 min read

ree

Երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին խոսեց Արցախի մասին՝ ապարդյուն փորձելով արդարացնել իր աղետալի որոշումները։ Վերջին տարիների իրադարձություններին ծանոթ յուրաքանչյուրի համար ակնհայտ է, որ մեր կորուստների հիմնական և գլխավոր պատճառը Փաշինյանի լիակատար անկարողությունն է. այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը:

«Նրա պնդումը, թե մինչև 2020 թվականի պատերազմը զիջումների գնալը Հայաստանի համար ավելի վնասակար կլիներ, բացարձակ անհեթեթություն է։ Չկա կասկածի ոչ մի մասնիկ, որ եթե Փաշինյանը մինչև 2020-ի սեպտեմբեր ձեռնարկեր անհրաժեշտ զիջումներ, հազարավոր երիտասարդ հայեր այսօր կենդանի կլինեին։ Արցախը և Լաչինը կմնային հայկական, խաղաղության պայմանագիր կկնքվեր, և մեր սահմաններն ու հաղորդակցությունները բաց կլինեին։ Փոխարենը՝ նրա հակասական խոսքերն ու անփույթ դիվանագիտությունը Հայաստանը տարան կործանարար պատերազմի և մեզ թողեցին պարտված բոլոր ճակատներում։ Իսկ կանխելու համար այն հարցադրումը՝ թե «ինչո՞ւ դուք 2008-ին չեք արել», ասեմ, որ եթե նման զարգացման հեռանկար տեսնեինք և հաստատ կնկատեինք՝ համապատասխան քայլ անպայման կձեռնարկեինք։

Մնում է միայն հուսալ, որ Փաշինյանը մինչև իր հեռանալը քաղաքականությունից կդադարեցնի խոսելը։ Նրա խոսքերը վաղուց դարձել են Հայաստանի ամենամեծ բեռը և թշնամին՝ մշտապես քայքայելով ազգային անվտանգությունը և անչափելի վնաս հասցնելով։ Նրա հակասական ու անհեթեթ հայտարարությունները կրկին ու կրկին ուժեղացրել են Ադրբեջանի դիրքերը՝ Հայաստանին բերելով աղետալի հետևանքներ։ Այժմ, երբ գրեթե ամեն ինչ արդեն զիջված է, նրա խոսքերը ռազմավարական առումով անկարևոր են։ Ադրբեջանը հասել է իր նպատակներին և շարունակելու է հասնել դրանց, քանի դեռ Փաշինյանը մնում է իշխանության՝ անկախ նրանից, թե ինչ է ասում կամ չի ասում։ Նրա խոսքերը միայն խորացնում են ժողովրդի վիշտը՝ անընդհատ հիշեցնելով, որ մեր բոլոր կորուստները հնարավոր էր կանխել։

Փաշինյանի անկարողությունը մեր ազգային ողբերգության գլխավոր պատճառն է, իսկ նրա փորձերը՝ վերաշարադրելու պատմությունը, միայն խորացնում են վերքը։ Այս փուլում լռությունը Հայաստանի համար անհամեմատ ավելի օգտակար կլիներ, քան նրա անվերջ արդարացումները», - գրել է Օսկանյանը։

bottom of page