Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարը նշել է Ուկրաինայում պատերազմի հիմնական պատճառներից մեկը
- Lilit
- 6 hours ago
- 1 min read

Անվտանգության ոլորտում ռուսաստանյան շահերի խախտումը դարձել է տեղի ունեցածի հիմնական պատճառներից մեկը։ Այս մասին NBC News-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ըստ Լավրովի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը Ալյասկայում քննարկել են գործնական քայլեր, «և ոչ թե պարզապես, թե ով ում հետ կհանդիպի և ինչպես դա կլուսաբանվի»։
«Չէ՞ որ անվտանգության ոլորտում ռուսաստանյան շահերի խախտումը դարձել է տեղի ունեցածի հիմնական պատճառներից մեկը։ Դա կապված է այն ստի հետ, որը շարունակվել է երկար տարիներ. 1990 թվականից սկսած՝ մեզ բազմիցս խոստացել են, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվելու։ Իմ կողմից արդեն նշված ԵԱՀԿ գագաթնաժողովների փաստաթղթերում հստակ գրված է (և այդ դրույթները ոչ ոք չի չեղարկել), որ ոչ մի կազմակերպություն չպետք է գերակայության հավակնի Եվրոպայում, իսկ ՆԱՏՕ-ն իրեն տրամագծորեն հակառակ կերպ է պահում»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը։
Ըստ Լավրովի, Ռուսաստանը բազմիցս առաջարկել է անվտանգության երաշխիքների նախագծեր մշակել։
«2008 թվականին մենք առաջարկեցինք համաձայնագիր ստորագրել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։ Նրանք անտեսեցին այս առաջարկը։ 2021 թվականին, նախքան հատուկ ռազմական գործողություն սկսելու որոշում կայացնելը, մենք երկու պայմանագիր առաջարկեցինք՝ մեկը Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև, մյուսը՝ Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև։ Սա նույնպես անտեսվեց, ընդ որում՝ շատ ամբարտավան կերպով։
Էնթոնի Բլինքենը, որն այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղարն էր, 2022 թվականի հունվարին Ժնևում կայացած մեր հանդիպմանն ինձ հայտարարեց. «Մոռացե՛ք այդ մասին։ Մենք կարող ենք քննարկել զենքի մատակարարումների որոշ սահմանափակումներ, որոնք մենք՝ Արևմուտքս, կմատակարարենք Ուկրաինային։ Բայց ՆԱՏՕ-ին անդամակցությունը ոչ մեկի հետ չի քննարկվում»։ Անբաժանելի անվտանգության սկզբունքի կոպտագույն խախտում լինելու մասին իմ խոսքերին նա պատասխանեց, որ ԵԱՀԿ-ում անբաժանելի անվտանգությունը քաղաքական հռչակագիր է։ Բայց առաջնորդների կողմից ստորագրված քաղաքական հռչակագիրն այն է, ինչը պետք է հարգել՝ ելնելով տարրական դիվանագիտական և քաղաքական պարկեշտությունից»,- նշել է Ռուսաստանի ԱԳ նախարարը։