top of page

Վոլնորթը հիմնավորել է ՀՀ-ի կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ (ԶՊՄԿ) ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտությունը

  • Writer: Lilit
    Lilit
  • Oct 13
  • 2 min read

ree

Վոլնորթի Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնին (ICSID) ներկայացված արբիտրաժային բողոքը հիմնավորում է, որ Հայաստանը պատասխանատու է ավելի քան 1.5 միլիարդ ԱՄՆ դոլարի վնասների համար։

2025 թվականի սեպտեմբերի 25-ին Վոլնոթ Լիմիթեդ (Walnort Finance Ltd.) ընկերությունը (այսուհետ՝ Վոլնորթ) ներկայացրել է իր բովանդակային բողոքը ՆՎԿՄԿ՝ գործ N° ARB/24/20-ի շրջանակներում։ Իր ազդեցիկ և համոզիչ դիմումում Վոլնորթը հիմնավորել է Հայաստանի Հանրապետության կողմից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ ՓԲԸ (ԶՊՄԿ) ներքին կորպորատիվ գործերին ապօրինի միջամտությունը։

Մասնավորապես, Վոլնորթը ներկայացրել է անժխտելի ապացույցներ այն մասին, որ Հայաստանը կազմակերպել և իրականացրել է գաղտնի և բռնի արշավ՝ նպատակ ունենալով զավթել ԶՊՄԿ-ի վերահսկողությունը՝ խախտելով Կիպրոս–Հայաստան երկկողմանի ներդրումային պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները։ Հատկապես, Վոլնորթը ցույց է տվել, որ վարչապետ Փաշինյանի 2021 թվականի հրապարակային հայտարարություններին՝ «ԶՊՄԿ-ն ժողովրդին վերադարձնելու» և դա «մուրճով անելու» մասին, հաջորդել են ԶՊՄԿ-ի 60 տոկոսի գաղտնի վաճառքն Արդյունաբերական ընկերությանը (Промышленная компания), որը վերահսկվում է ԱՄՆ պատժամիջոցների տակ գտնվող ռուսաստանի քաղաքացի Ռոման Տրոցենկոյի կողմից, և որը հետագայում արագորեն «նվիրաբերել է» 15 տոկոսը Հայաստանի Կառավարությանը։

Այս զավթումն իրականացվել է դատական համակարգի մանիպուլյացիաների շարանի միջոցով, ներառյալ՝ ապօրինի ապահովման միջոցներ, ուշ գիշեր կայացված դատական ակտեր և կարգավորող մարմինների արագացված ընթացակարգեր։

Բացի այդ, Վոլնորթի մնացած բաժնեմասերը ԶՊՄԿ-ում հետագայում սառեցվել են կասկածելի սնանկության և քրեական վարույթների շրջանակում՝ փաստացիորեն զրկելով Վոլնորթին արժեքից, դիվիդենտներից և վերահսկողության հնարավորությունից։ Հայաստանի նպատակը պարզ էր՝ ամբողջությամբ վերցնել ԶՊՄԿ-ի վերահսկողությունը՝ շրջանցելով օտարերկրյա ներդրողներին տրամադրված իրավական պաշտպանությունը։

Վոլնորթը մանրամասն նկարագրել է, թե ինչպես են Հայաստանի գործողությունները խախտել Կիպրոս–Հայաստան երկկողմ ներդրումային պայմանագրով սահմանված պարտավորությունները։ Հայաստանը չի ապահովել Վոլնորթի ներդրման արդարացի և հավասար վերաբերմունքը՝ ԶՊՄԿ-ի նկատմամբ կազմակերպված զավթման իր արշավով, ԶՊՄԿ-ի, նրա բաժնետերերի և աշխատակիցների հանդեպ ոտնձգություններով և ահաբեկմամբ, իր կարգավորող լիազորությունների չարաշահմամբ և դատարանների վրա գործադրված ճնշմամբ, ինչի հետևանքով Վոլնորթի հայկական դուստր ձեռնարկությունները զրկվել են արդար դատավարության իրավունքից։

Այս ապօրինի վարքագծի հետևանքով Վոլնորթը զրկվել է ԶՊՄԿ-ի բաժնետոմսերի 75 տոկոսը ձեռք բերելու իրավունքից, ինչը նրան կտար ընկերության վերահսկողություն և զգալի դիվիդենտների իրավունք։ Վոլնորթը նաև զրկվել է իր սկզբնական 12․5 տոկոս բաժնետոմսերի տնտեսական օգտագործման իրավունքից, որոնք փաստացիորեն վերցվել են նրանից՝ անհիմն և անժամկետ սառեցման որոշումների միջոցով՝ խախտելով Կիպրոս–Հայաստան պայմանագրի՝ ապօրինի բռնագրավման արգելքը։

Վոլնորթը պահանջում է փոխհատուցում, որի վերջնական չափը կորոշվի արբիտրաժային գործընթացի ընթացքում, որը սակայն առնվազն կկազմի 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայի իշխանությունները ընդլայնել էին իրենց պատժամիջոցների ցանկը՝ ներառելով ավելի քան 60 նոր անհատների և ընկերությունների։

Պատժամիջոցներ է սահմանվել նաև գործարար Ռոման Տրոցենկոյի նկատմամբ, որին պատկանում է «Նովապորտ» օդանավակայանի ցանցը։ Դա Ռուսաստանի տարածաշրջանային օդանավակայանների ամենամեծ ցանցն է։

Տրոցենկոն նաև AEON կորպորացիայի հիմնադիրն ու սեփականատերն էր, որը գործում էր հանքարդյունաբերության, տրանսպորտի և քիմիական արդյունաբերության ոլորտներում: 2023 թվականի դեկտեմբերին նա վաճառեց իր փաթեթը։

Տրոցենկոյի որդին՝ Գլեբը, նույնպես ենթարկվել է պատժամիջոցների։

Հիշեցնենք, որ Ռոման Տրոցենկոյի որդին մինչև 2023 թվականի հոկտեմբերը եղել է «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի, նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի (ԶՊՄԿ) բաժնետեր։

Ռոման Տրոցենկոյին պատկանող ընկերությունը և Գլեբ Տրոցենկոն 2023-ի վերջերին հայտնվեցին ամերիկյան պատժամիջոցների տակ։ Դրանից հետո Գլեբ Տրոցենկոն դուրս եկավ «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ի և ԶՊՄԿ-ի բաժնետերերի ցանկից։

bottom of page