Դատախազը միջնորդեց անհետ կորածի հարազատ Արսեն Ղուկասյանի կալանքը երկարացնել 3 ամսով
- Lilit

- 6 days ago
- 1 min read

Երևանի քրեական դատարանում այսօր՝ հոկտեմբերի 31–ին, դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ մեկնարկել է 44-օրյա պատերազմում անհետ կորած զինծառայող Սարգիս Ղուկասյանի հորեղբայր Արսեն Ղուկասյանի և անհայտ կորած զինծառայողների հարազատներից Ափիջան Սարգսյանի գործով դատական նիստը։
Այս նիստում քննարկվում է Արսեն Ղուկասյանի խափանման միջոցի հարցը։
Հիշեցնենք, որ Արսեն Ղուկասյանը ՊՆ վարչական շենքի մոտ ակցիայի ժամանակ ռազմական ոստիկանության ծառայողների հետ միջադեպից հետո ձերբակալվել է հոկտեմբերի 7-ին, ապա մեկ ամսով կալանավորվել «խուլիգանության» համար։
Դատախազն ասաց, որ Արսեն Ղուկասյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքի իրավաչափության հիմքերը շարունակում են պահպանվել, Արսեն Ղուկասյանի գործողությունները ուղղված են եղել իրավապահ մարմինների ուղղությամբ, ինչը բարձրացնում է անձի հանրային վտանգավորությունն ու նոր հանցանք կատարելու ռիսկը, նաև մեծ են համարում այլ խափանման միջոցի պայմաններում վարույթ իրականացնող մարմնից խուսափելու ռիսկը, այդ իսկ պատճառով կալանքի ժամկետն անհրաժեշտ է 3 ամիս ժամկետով երկարաձգել։
Ըստ մեղադրական եզրակացության, Արսեն Ղուկասյանը մեղադրվում է, որ սեպտեմբերի 29-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, ՊՆ վարչական շենքի դիմաց Ապիջան Սարգսյանի և այլ անձանց հետ ՊՆ հսկիչ անցագրային կետում ծառայություն իրականացնող անձանց նկատմամբ ցուցաբերել են անհարգալից վերաբերմունք, տևական ժամանակ՝ շուրջ 1,5 ժամ, աղմկելով և հայհոյանքներ է հնչեցրել այդ տարածքում ծառայություն իրականացնող անձանց հասցեին, չի ենթարկվել խուլիգանական գործողությունները դադարեցնելու ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին, կոչ է արել ՊՆ շենքից որևէ անձի դուրս գալ ցանկանալու դեպքում վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելու։
Բացի այդ, ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության ծառայողների հասցեին հնչեցրել են բռնություն գործադրելու սպառնալիքներ, որը արտահայտվել է նաև Արսեն Ղուկասյանի կողմից մահակի նմանվող առարկան ռազմական ոստիկանության ծառայողների ուղղությամբ ցուցադրաբար թափահարելով, իսկ Ապիջան Սարգսյանի կողմից՝ իր ձեռքում գտնվող ջրով պլաստմասե շիշը նրանց ուղղությամբ նետելով:




















